շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ես պարտությունն ինձ վրա եմ վերցնում, որ դուք ձեզ պարտված չզգաք. Նիկոլ Փաշինյան

Ես պարտությունն ինձ վրա եմ վերցնում, որ դուք ձեզ պարտված չզգաք. Նիկոլ Փաշինյան

Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է, բնականոն կյանքը վերականգնվում է մեր նահատակների, մեր բանակի շնորհիվ: Այս մասին այսօր Ուջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Շատ ծանր օրեր ենք ապրել և ապրում ենք: Տեղի ունեցածից պետք է կարողանանք հետևություններ անել: Ես Ներքին Բազմաբերդում և Նոր Եդեսիայում ելույթներ եմ ունեցել, այստեղ նույնը չեմ կրկնի: Բայց ամենակարևոր արձանագրումը որ ուզում եմ անել սա է. ինչու՞ ընկան մեր նահատակները և հանուն ինչի՞: Արձանագրումը հետևյալն է. Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է, բնականոն կյանքը վերականգնվում է մեր նահատակների, մեր բանակի շնորհիվ:

Մենք կանգնել, և մեր ժողովրդի ձգտումները պաշտպանել ենք մինչև վերջին վայրկյանը և պատերազմը դադարեցրել ենք այն ժամանակ, երբ շարունակելն այլևս իմաստ չուներ: Եվ խնդիր էր դրված մեր 25-30.000 զինվորների կյանքը փրկել, շրջափակման վտանգից ազատել՛՛:

Անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին՝ Փաշինյանն ասաց, որ ինքը դեկտեմբերից արտահերթ ընտրություններ է առաջարկել, սակայն ընդդիմադիր ուժերը չեն համաձայնել:

՛՛Դեկտեմբերից ասում եմ եկեք անենք արտահերթ ընտրություններ: Ասում են չէ, որովհետև իրենք չեն ուզում, որ ժողովուրդը որոշի: Բայց մենք ասել ենք մի բան. մենք ժողովրդից ստացած իշխանությունը կարող ենք հանձնել միայն ժողովրդին: Բայց մեր պրոբլեմը դատարաններն են:

Դատավորները 20 տարի Հայաստանում ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն չեն ունեցել: Մենք տվեցինք նրանց այդ հնարավորությունը, բայց նրանց մի մասը այդ հնարավորությունն օգտագործեցին, վազեցին հին տերերի մոտ, նրանց կամքը կատարելու: Եվ դրա համար պետք է պատժվեն: Բայց այսօր մեր ձեռքերը թուլացած են, պատերազմը մեծ հարված հասցրեց մեզ: Ես պարտությունն իմ վրա եմ վերցնում, որ դուք ձեզ պարտված չզգաք, պարտությունն իմն է: Ես մինչև վերջին վայրկյանը կկանգնեմ հանուն ձեր հաղթանակի: Պարտությունն ինձ, հաղթանակը՝ ձեզ՛՛,-նշեց վարչապետը:

  • Կիսվել: