երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երշիկ գնելու փոխարեն առաջարկում եմ  տոմս գնել ու նվիրել հարազատներին․Նիկոլ Փաշինյան

Երշիկ գնելու փոխարեն առաջարկում եմ տոմս գնել ու նվիրել հարազատներին․Նիկոլ Փաշինյան

Մենք խնդիր ենք դնում, որպեսզի ամանորը նշելու միջավայրը, մթնոլորտը որոշակի փոփոխություններ կրի: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Երկար տարիներ մարդիկ նախընտրում էին Ամանորը նշել Հայաստանից դուրս, քանի որ այստեղ առկա պայմանները ստեղծում են անհարմարություններ: Մենք խնդիր ենք դրել ստեղծել բոլորովին նոր պայմաններ: Ամանորը պետք է լինի մի տոն, որը ոչ թե նշում են առանձին խմբերով, այլ միասին: Մենք ուզում ենք ցույց տալ, որ հնարավոր է կրճատել պարտադիր ծախսերը, ցույց տալ, որ կարելի է ավելի շատ տրամադրության տոն սարքել, քան՝ ուտելիքի, որը վերածվում է որոշակի դեպրեսիվ վիճակների: Մենք այս տարի աշխատել ենք, որպեսզի Ամանորին մշակութային կյանքը լինի բավականին աշխույժ»:,- ասաց նա։

Վարչապետի խոսքերով, Ամանորից առաջ ընտանիքներում քննարկում են, թե ինչի վրա արժե ծախսել գումարը՝ այսինչ երշիկից գնե՞լ, թե՝ ոչ. «Ես առաջարկում եմ տոմս գնել ու նվիրել հարազատներին»:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության իր գործընկերներին նվիրեց դեկտեմբերի 31-ին կայանալիք ներկայացման տոմսեր:  Արայիկ Հարությունյանը նշեց, որ բազմաթիվ թատրոններ տոնական օրերին աշխատելու են: «Սրանք ոչ թե հրավիրատոմսեր են, այլ տոմսեր, որոնք ես եմ գնել՝ սեփական միջոցներով»,- ասաց նախարարը:

 

  • Կիսվել: