շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությունները ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ստացան դրական եզրակացություն

Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությունները ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ստացան դրական եզրակացություն

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց մի շարք օրենսդրական նախաձեռնությունների:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նշվեց, որ նախաձեռնության ընդունումից հետո այլեւս հնարավոր չի լինի ապօրինի սահմանահատման դեպքում խուսափել պատասխանատվությունից:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ, որոնց արդյունքում լրամշակվել է նախաձեռնությունը:

Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջարկվող կարգավորումներով պատշաճ կապահովվեն լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվությունը եւ պատժի անխուսափելիության սկզբունքը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը տեղեկացրեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ: Զեկուցողը հիշեցրեց, որ Վարչական եւ Վարչական Վերաքննիչ դատարաններում գրավոր ընթացակարգի կիրառում նախատեսված չէ, ինչի արդյունքում դատարանները գտնվում են գերծանրաբեռնված վիճակում: Այդ իսկ պատճառով Առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարաններում ներդրվում են գրավոր ընթացակարգեր:

  • Կիսվել: