երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեւանի ավագանու դեմ հերթական հայցը կներկայացվի դատարան․ կվիճարկվի Հայկ Մարությանին մանդատից զրկելու որոշումը․ «Ժողովուրդ»

Երեւանի ավագանու դեմ հերթական հայցը կներկայացվի դատարան․ կվիճարկվի Հայկ Մարությանին մանդատից զրկելու որոշումը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հերթական հայցը կներկայացվի դատարան՝ ընդդեմ Երեւանի ավագանու: Այս անգամ կվիճարկվի Հայկ Մարությանին մանդատից զրկելու որոշումը:

Այսպիսով, դեռ փետրվարի 7-ի նիստում, Երեւանի ավագանու որոշմամբ, ընդդիմադիր 3 անդամ՝ «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը եւ Նարինե Հայրապետյանը, իսկ «Ազգային առաջընթաց»-ից՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, զրկվեցին մանդատներից:

Ավագանու որոշման հիմքում անհարգելի բացականերն էին եւ նախագծերի քվեարկություններին չմասնակցելը, որոնք եղել են բացառապես քաղաքական նպատակներով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը պատրաստվում է հայց ներկայացնել՝ ընդդեմ այս որոշման, եւ վիճարկել Հայկ Մարությանին մանդատից զրկելու հարցը։

«Ավագանու անդամին մանդատից զրկելն ապօրինություն է, զոռբայություն: Մենք վիճարկելու ենք սա. երբ հարցը ներկայացնենք, կհայտարարենք այդ մասին», – մեզ հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մայր Հայաստան»-ը եւս հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ավագանու անդամներին մանդատից զրկելու որոշման»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: