ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևան-Գորիս մայրուղին, ըստ էության, գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո․ Սեյրան Օհանյան

Երևան-Գորիս մայրուղին, ըստ էության, գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո․ Սեյրան Օհանյան

Երևան-Գորիս մայրուղին, ըստ էության, գտնվում է ադրբեջանցիների  վերահսկողության ներքո։ Այս  մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Ըստ նրա՝ 2020 թվականին Հայաստանի կրած պարտությունից հետո սահմանային լարվածությունը հատկապես Գեղարքունիքի և Սյունիքի հատվածում շարունակվում է։ 

«Այս ամենը հետևանք է նրա, որ ՀՀ այսօրվա իշխանությունները համակերպվել են պարտվողական քաղաքականության հետ, և թուրքը հայտնվել է ՀՀ սահմաններում։ Գնահատելով հակառակորդին՝ մենք ասում ենք, որ շարոնակվում են ճնշումները պարտված իշխանության վրա։ Միջազգային փորձն է ցույց տալիս, որ պարտված իշխանությունները միշտ գտնվում են թե հակառակորդի, թե միջազգային հարթակում թելադրանքի, պարտադրանքի ներքո», - ասաց Օհանյանը։

Նա նշեց, թե հակառակորդը մեր իշխանություններին գցել է խաղաղության խաբկանքի մեջ։

«Երևան-Գորիս մայրուղին, ըստ էության, գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Թուրք-ադրբեջանական տանդեմի համար ճանապարհների, ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը մնում է որպես հիմնական գործողություն, ըստ էության՝ Զանգեզուրի միջանցք գաղափարն առաջ տանելու համար։ Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստանի և Արցախի ավելի խորը շրջափակման, տնտեսական ճնշման և ժողովրդագրական պատկերի փոփոխության», - ասաց Սեյրան Օհանյանը։

Պատգամավորը նշեց, թե ՀՀ իշխանությունները որևէ հետևություն չեն կատարում այս իրականության մեջ։

«ՀՀ իշխանություններն ինչպես անգրագետ կերպով պատերազմը չկարողացան ղեկավարել, ամուր թիկունք ստեղծել բանակին, մոբիլիզացնել ամբողջ ներուժը, այդ ամենի շարունակությունը եղավ նաև այն, որ ոչ գիտակից ցուցումով մեր զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում։ Այդ է պատճառը, որ հակառակորդն այսօր շարունակում է ճնշումները», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
 
Օհանյանի խոսքով՝ նույնիսկ այսպիսի իրավիճակում ՀՀ իշխանությունները ռեալ գնահատական չեն տվել պատերազմին և դրանից հետո ստեղծված իրավիճակին։
 
«Ռազմավակարական վերանայում չեն իրականացրել, որի ընթացքում պետք է որոշեին, որ ՊՆ, ԱԱԾ համապատասխան ուժեր ներառեն երկրի սահմանային պաշտպանությունն իրականացնելու համար։ Այդպիսի որոշումներ ընդունելու համար մի քանի ժամ է պետք, այդպիսի որոշումներն իրականացնելու համար մի քանի օր է պետք ռազմավարական կարևոր ուղղություններում», - ասաց Սեյրան Օհանյանը։

  • Կիսվել: