շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ

Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ

Երեկ հանդիպում է տեղի ունեցել կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և այն առաջարկները,  գործողությունները, որոնք ներկայացվել են, մենք համարել ենք, որ դրանք սպառնում են կոնկրետ առաջին հերթին Նոյեմբերյան համայնքի անվտանգությանը, լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու, ընդհանուր առմամբ՝ Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին այսօր Նոյեմբերյանում քաղաքացիների առջև հայտարարեց Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Մհեր Աղամյանը։

Նա ընդգծեց, որ իրենք տեղի ունեցողը համարել են միակողմանի զիջումներ և պաշտոնապես հայտարարել են, որ այդ բանակցություններին, գործընթացին այլևս չեն մասնակցելու։

«Ներողություն եմ խնդրում, մանրամասների մասին չեմ ուզում բարձրաձայնել, կարող է լինել պետական գաղտնիքներ, որոնք մեր պետությանն ու պետականությանը կվնասեն»,- ասաց Մ. Աղամյանը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

  • Կիսվել: