շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵՄ դիտորդներն այցելել են Երասխ (լուսանկար)

ԵՄ դիտորդներն այցելել են Երասխ (լուսանկար)

Գաղտնիք չէ, որ բոլոր ընթացող բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել բանակցությունների ընթացքը, խաթարել դրանք եւ, ի վերջո, ՀՀ-ին պարտադրել այն լուծումները, որն իրեն, եւ գուցե միայն իրեն է ցանկալի: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ սա առաջին նման դրսեւորումը չէ:

«Այլ հարց է, որ մենք եւ միջազգային հանրությունը պետք է շատ կտրուկ դիրքավորվեն. Կամ մենք բանակցում ենք բարի կամքով՝ հանգելու փոխընդունելի լուծումների, կամ եթե ուժի գործադրմամբ է, մեզ համար նման գործընթացն անընդունելի է: Հուսով ենք, նաեւ միջազգային հանրության համար անընդունելի է»,-ասաց նա:

Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է մնան անխախտելի, ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի եւ միջազգային հանրությունն էլ պետք է դերակատարում ունենա այս հարցում. «Կոնկրետ Երասխի պարագայում մի նոր նրբերանգ էլ կա: Նախապես հայտարարվել էր, որ այնտեղ մետալուրգիական գործարան է կառուցվում եւ նախնական գնահատականներով այն էականորեն նպաստելու է ՀՀ տնտեսական զարգացմանը: Եվ ահա, Ադրբեջանը նախ կեղծ բնապահպանական մեղադրանքներով հանդես եկավ, որից հետո հնչեց հայկական հերքում: Հայկական կողմի այս հայտարարությունից հետո Ադրբեջանական կողմը փորձում է պարզապես կրկին ուժի գործադրմամբ խափանել այս դեպքում այս ծրագիրը: Սա ոչ միայն ոտնձգություն է Հայաստանի սահմանների նկատմամբ, ոչ միայն հրադադարի խախտում է, այլ նաեւ զուտ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով, կեղծ հիմնավորում տակը դնելով , խաթարել մի ծրագիր, որը կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը»,-ընդգծեց նախարարը:

Արարատ Միրզոյանը հավելեց, որ բազմիցս Ադրբեջանի ղեկավարությունը այլ դերակատարների ներկայությամբ ստանձնել է հավելյալ պարտավորություն՝ չդիմել ուժի կիրառման. «Այսօր Երասխի այդ հատված մեկնել է ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, վաղը մեր հրավերով այնտեղ ներկա կգտնվեն նաեւ ՀՀ-ում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, եւ հարցը կպահենք նրանց ուշադրության կենտրոնում»,-ասաց նա:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, կրակոցների հետևանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վիրավորում ստացած օտարերկրյա քաղաքացիներն ազգությամբ հնդիկ են։ ԱՆ-ն հայտնել է, որ նրանք վիրահատվել են:

Այսօր՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրկին կրակ էին բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հիշեցնենք՝ երեկ էլ՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, վնասվել էին քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ:

 

 

  • Կիսվել: