շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԵԽԽՎ-ում քննարկվել է ղարաբաղյան պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ հարցը. պատգամավոր

ԵԽԽՎ-ում քննարկվել է ղարաբաղյան պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ հարցը. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովում» քննարկվում էր ղարաբաղյան պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ հարցը: Նշեմ, որ նախատեսվում է զեկույց այդ թեմայով, որը հեղինակելու է իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը:

Քննարկման ժամանակ ևս մեկ անգամ շեշտեցի և զեկուցողի ուշադրությունը հրավիրեցի հետևյալ խնդիրների վրա. «Ադրբեջանական կողմը արհեստականորեն ձգձգում է ռազմագերիների և պատանդ պահվող այլ անձանց վերադարձը հայրենիք: Գերիների մեջ նաև կա կին՝ Մարալ Նաջարյանը: Անհրաժեշտ է, որ օր առաջ ապահովի գերիների անվտանգ վերադարձը: Որպեսզի պատկերացնեք խնդրի լրջությունը մեկ օրինակ բերեմ՝ ՄԻԵԴ–ը միջանկյալ միջոց էր կիրառել Ադրբեջանում պահվող մի շարք հայ գերիների հարցով, որոնց թվում էր Հադրութի բնակիչ Արսեն Կարախանյանը: Այդ վճռից օրեր անց Արսեն Կարախանյանը սպանվում է: Սա է իրականությունը, ուստի այս բացառապես հումանիտար հարցը պետք է օր առաջ լուծում ստանա և Եվրոպայի Խորհուրդը մաքսիմալ ճնշում պետք է գործադրի իր անդամ երկիր Ադրբեջանի նկատմամբ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը իրագործելու համար:

Խնդրում եմ զեկույցը կազմելիս ուշադրություն դարձնել, թե պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ինչ հակահայկական հռետորաբանությամբ էր խոսում Ադրբեջանի նախագահը՝ օգտագործելով էթնիկ հայերին ուղղված վիրավորական արտահայտություններ: Հենց այս հռետորաբանության հետևանքով ենք ականատես եղել ադրբեջանական կողմից իրականացվող գլխատումների, դաժան սպանությունների և պատերազմական հանցագործությունների, որոնք տեղի են ունեցել պատերազմի ժամանակ և տարածվել են սոցցանցերով: Կարևոր է հասկանալ այդ հռետորաբանության հետևանքները: Առաջարկում եմ նաև հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ժառանգության խնդիրներին: Հայերը ունեն հարուստ մշակութային ժառանգություն այն տարածքներում, որոնք այժմ Ադրբեջանի օկուպացիայի ներքո են գտնվում: Ադրբեջանը փորձում է կեղծել պատմությունը, ուստի սա հատուկ ուշադրության է արժանի: Նաև, քանի որ զեկուցողը ծրագրում է այց դեպի Հայաստան և Ադրբեջան, առաջարկում եմ դիտարկել նաև Լեռնային Ղարաբաղ այցելելու անհրաժեշտությունը: Այնտեղ բնակվող հայերը ամենից շատն են տուժել, ուստի հումանիտար խնդիրները հնարավորինս ամբողջական և օբյեկտիվ ներկայացնելու համար կարիք կա այց կատարել Լեռնային Ղարաբաղ»»:

  • Կիսվել: