երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Եկեք մեր լիակատար աջակցությունը հայտնենք Հայաստանին՝ Եվրոպական միություն տանող ճանապարհին. Լեքսման

Եկեք մեր լիակատար աջակցությունը հայտնենք Հայաստանին՝ Եվրոպական միություն տանող ճանապարհին. Լեքսման

Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը իրենց երկրում, և ցանկանում ենք հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ Այս մասին իր ելույթում ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Եվ այսպիսով ցանկանում ենք խթանել տնտեսական ավելի ամուր համագործակցություն և զարգացում, ինչպես նաև աջակցել բոլոր այն բարեփոխումներին, որոնց կարիքը Հայաստանն ունի։ ԵԺԿ-ն շատ բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը՝ անելու ամեն հնարավորը՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման համար։ Մենք իսկապես գնահատում ենք Թուրքիայի հետ նրա կառուցողական երկխոսությունը՝ հատկապես այսօր, այս օրերին, երբ հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Մենք տեսնում և գնահատում ենք Հայաստանի ջանքերը և առաջնորդությունը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում՝ չնայած 2023 թվականի ռազմական հարձակմանը, որի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր տեղահանվեցին։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին` անհապաղ և առանց նախապայմանների։ Եվ մենք նաև հիշեցնում ենք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու՝ հայկական փոքրամասնության երաշխավորված իրավունքի մասին։

Տիկնայք և պարոնայք, եկեք մեր լիակատար աջակցությունը հայտնենք Հայաստանին՝ Եվրոպական միություն տանող ճանապարհին։ Շնորհակալություն՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ-EPP) կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել:

՛՛Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը՛՛ վերնագրով բանաձևը ողջունում է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, այդ թվում` ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտում իրականացված բարեփոխումները:

  • Կիսվել: