երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ձեզ հետ միասին կքննարկենք լեռներում մագլցող «սկալալազ» նախարարի հայտարարությունները․ Նաիրա Զոհրաբյան

Ձեզ հետ միասին կքննարկենք լեռներում մագլցող «սկալալազ» նախարարի հայտարարությունները․ Նաիրա Զոհրաբյան

Ես հասկացա, որ մեր իշխանական գործընկերները հավաստի փաստեր ունեն առ այն, որ ընդդիմության անպատասխանատու քայլերի արդյունքում կորոնավիրուսը սրընթաց մետաստազի նման տարածվել է: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու հարցի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով, պետք է քննարկել՝ ինչպես բողոքի ակցիաների ժամանակ վարակվածների, այնպես էլ «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարակվածների հարցը։

«Ձեզ հետ միասին կքննարկենք Հռոմի և Իտալիայի անպատասխանատու ռեյսերի, կորոնավիրուսը պինցետով և արաղով ախտահանելու հարցը, Ձեք հետ միասին կքննարկենք լեռներում մագլցող «սկալալազ» նախարարի բազմաթիվ հայտարարությունները՝ դիմակ դրեք, դիմակ մի դրեք, վայ, հեսա եկել եմ, լրագրողներ, ձեզ կվարակեմ, խա-խա-խա։ Այդ ամենը ձեզ հետ միասին կքննարկենք։ Կքննարկենք, թե ինչպես եղավ, որ Գյումրիում մահացած տատիկի դիակը կորավ, հետո հայտնվեց Նոր Հաճնում ուրիշի գերեզմանոցում։ Կքննարկենք օրերս մի քաղաքացու հայտարարություն, որ իր հարազատի դիակը տվել են՝ ամբողջ ատամնաշարը ջարդված։ Կքննարկենք հարգարժան վարչապետի մտահոգությունը, որ որոշ դեպքերում, այո, մարդիկ մահացել են, որովհետև շտապօգնության մեքենան չի հասցրել հիվանդանոց։ Կքննարկենք, թե ինչի վրա են ծախսվել Covid հիմնադրամի գումարները, թե ինչու տնային պայմաններում բուժում ստացողները որևէ դեղորայք պետությունից չեն ստացել, երբ Covid հիմնադրամին անընդհատ մատակարարվել են հսկայական գումարներ»,- հայտարարեց  Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորը նշեց, որ միգուցե արդյունքում կպարզվի՝  համակարգը փայլուն աշխատել է, առողջապահության նախարարին քննիչ հանձնաժողովը վերջում ներկայացնի արիության մեդալի, իսկ եթե շատ «ձգեն»՝ ազգային  հերոսի կոչման։

Նա նշեց, որ հանձնաժողովում «Իմ քայլը» լինելու է մեծամասնություն և արդյունքում կարող է պարզվել, որ ամեն ինչ հրաշալի է: «Եվ մենք ձեզ հետ միասին Արսեն Թորոսյանին, պարետին և մյուս պատասխանատուներին կհանձնենք արիության մեդալ՝ քովիդի դեմ պայքարը իմ սուբյեկտիվ կարծիքով տապալելու համար, ուստի, քանի որ ես ունեմ ձեր կարծիքով սուբյեկտիվ դիրքորոշում, ես այդ հանձնաժողովում չեմ լինի»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

  • Կիսվել: