կիրակի, հունվար 29
29 / 1 / 2023
Ձեր բերած հայտարարությունն իր մեջ պարունակում էր այնպիսի դրույթներ, որոնք կարող էին Հայաստանին և Արցախին որոշակի դրվագներում վնասել. Կոնջորյան

Ձեր բերած հայտարարությունն իր մեջ պարունակում էր այնպիսի դրույթներ, որոնք կարող էին Հայաստանին և Արցախին որոշակի դրվագներում վնասել. Կոնջորյան

«Ողջունելի է այս քննարկումը: Առաջին իսկ պահից, երբ մենք տեղեկացանք «Հայաստան» խմբակցության կողմից այս նախաձեռնության մասին՝ մեր դիրքորոշումը եղել է դրական, դրա համար մենք նաև ձևավորել ենք մեր գործընկերների հետ աշխատանքային խումբ, որպեսզի կարողանանք այս հայտարարության նախագիծը, որը ենթադրվում էր, որ պետք է լինի, ոչ թե «Հայաստան» խմբակցության հայտարարությունը, այլ ԱԺ-ի հայտարարությունը, իսկապես լինի ԱԺ-ի հայտարարությունը: Պարզ է, որ դժվար կլիներ ԱԺ-ի հայտարարություն ընդունել առանց Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության քվեների»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանի խոսքով՝ լավ միտք կլիներ հայտարարության տեքստը միասին կազմել. «Եթե իսկապես նպատակը համատեղ հայտարարություն ունենալն է, ապա կարծում եմ լավ միտք կլինի հատարարության նախգիծն ի սկզբանե կազմել միասին, ձևավորել աշխատանքային խումբ և սկսել զրոյից միասին աշխատել հայտարարության տեքստի վրա, որը պիտի լինի բոլորինս: Ես այս մասին առաջարկել էի, ցավոք սրտի մեր ընդդիմադիր գործընկերներն իրենք կազմեցին հայտարարություն և, բնականաբար, մենք ընդամենը ստիպված էինք փորձել այդ հայտարարությունը դարձնել բոլորինս՝ մեր առաջարկություններն անելով: Ընդդիմությունը մերժեց մեր կողմից առաջարկված որոշ դրույթներ, որոնց նպատակն էր ունենալ մի այնպիսի հայտարարություն, որը կլիներ ամբողջ Ազգային Ժողովինը և որը կարտահայտեր ՀՀ-ի կողմից իրականացվող պաշտոնական արտաքին քաղաքականությունը և ուղերձներ կպարունակեր՝ ուղղված միջազգային հանրությանը և կսպասարկեր այն աշխատանքը, որն այս պահին արվում է: Սա պարզապես դեկլարացիա չպետք է լիներ»:

Ըստ ՔՊ խմբակցության ղեկավարի՝ ԱԺ հայտարարությունը գործիք է, որով պետք է ինչ-որ խնդիր լուծվի.«Մենք պետք է հասկանանք այս հայտարարությունը, որ դուք կազմել եք այս տեքստով՝ ի՞նչ խնդիր է լուծում, ի՞նչ հավելյալ արժեք է ստեղծում, արդյոք այս հայտարարությունը կարող է վնասել որոշ գործընթացներին, արդյոք այս հայտարարությունը կարող է օգնել այսօր իրականացվող պաշտոնական քաղաքականությանը: Այս հարցերի հասցեագրումը, ցավոք սրտի, մենք չենք տեսել ձեր կողմից: Ձեր բերած հայտարարությունն իր մեջ պարունակում էր այնպիսի դրույթներ, որոնք կարող էին Հայաստանին և Արցախին որոշակի դրվագներում վնասել: Մենք՝ որպես իշխանություն, կրում ենք պատասխանատվություն կատարել այնպիսի գործողություններ, որոնք կապահովեն Հայաստանի, հայ ժողովրդի և Արցախի հայության անվտանգությունը»:

  • Կիսվել: