հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դիմակ կրելու շուրջ այս խելագարության կանխավարկածը անհասկանալի է, և մեր երեխաներին մի դարձրեք ձեր քաղաքական օրակարգերի հարց․ Արայիկ Հարությունյան

Դիմակ կրելու շուրջ այս խելագարության կանխավարկածը անհասկանալի է, և մեր երեխաներին մի դարձրեք ձեր քաղաքական օրակարգերի հարց․ Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմակներ կրելու առումով լուրջ բողոքներ չի ստացել, այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց ԿԳՄՍ նախանարար Արայիկ Հարությունյանը։ Նա ասաց, որ դիմակ կրելու պահանջը բխում է նախկինում պարետատան, այժմ՝ առողջապահության նախարարության պահանջներից։

«Այս շաբաթվա ընթացքում կհետևենք իրադարձություններին, նաև ասել էինք, որ ուղեցույցը հընթացս փոփոխությունների կենթարկվի։ Այս պահին դիմակներ կրելու առումով լուրջ բողոքներ չենք ստացել և այս առումով լարվածություն չենք տեսնում դպրոցներում», -հավելեց նախարարը։ Հարությունյանի խոսքով, դիմակներ կրել-չկրելու հարցում շահարկվում է երեխաների գործոնը։

«Այդ երեխաները, աշակերտները մեր ընտանիքներում մեծացող երեխաներն են, մեր հարազատների ընտանիքներում մեծացող երեխաներն են, իմ գործընկերների ընտանիքներում մեծացող երեխաներն են։ Ես չգիտեմ՝ ինչ խելագարության կանխավարկածով պետք է առաջնորդվել՝ մտածելու, որ նախարարությունը ընդունել է այնպիսի կանոնակարգում, որ դա ազդելու է մեր սերունդների առողջության վրա։ Ես այս խելագարության կանխավարկածը չեմ կարողանում հասկանալ, չեմ կարողանում հասկանալ, թե դրան ինչու լրատվամիջոցները չեն անդրադառնում։ Մենք իհարկե, ընթացքում փոփոխություններ կանենք, եթե դրա անհրաժեշտությունը լինի, բայց այս պահին դրա անհրաժեշտությունը չկա», -հայտարարեց Հարությունյանը։

Նա նկատեց, որ իր դիտարկումները ցույց են տվել՝ դպրոցներում դիմակ կրելու կուլտուրա կա և շատ աշակերտներ կրում են դիմակ և այդ հարցում համագործակցություն կա նախարարության ու դպրոցների միջև։

«Բայց ես էլի եմ ուզում ասել, որ լուրջ չէ, երբ ասում են՝ ընդունվում են որոշումներ վտանգելու մեր երեխաների առողջությունը։ Այդ տեղեկությունը ԱԺ պատգամավորների ու լրատվամիջոցների կողմից տիրաժավորելը լուրջ չէ։ Մեր երեխաներին մի դարձրեք ձեր քաղաքական օրակարգերի հարց, որովհետև դա վտանգավոր տեղ է ատնում», -ընդգծեց նախարարը։

  • Կիսվել: