կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան

Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Բագրատաշենի միջպետական ճանապարհից հայտնեց, որ ոստիկանությունն այդտեղից միայն 12 հոգու բերման է ենթարկել, որպեսզի ճանապարհը բացի։

Ըստ նրա՝ ոստիկաններն օրենքին համահունչ չեն գործել։  «ՀՀ-ում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան, և Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն ամեն քայլափոխի արտահատվում է՝ քաղաքացիների վրա ոստիկաններին «քսի տալով»»,-ասաց նա։

Անդրադառնալով ողջ հանրապետությունում ընթացող բողոքի ակցիաններին՝ Մանուկյանը նշեց, որ վերջապես ՀՀ-ում հայրենակիցները սկսեցին հասկանալ, որ Տավուշի խնդիր չկա։ «Արցախը դարպասն էր, անվտանգությունն էր ՀՀ-ի, հիմա Տավուշն է, հասկանում է երևանցին, արարատցին ու սյունեցին, որ այս քայլերով իշխանությունը վտանգը բերելու է իր դուռը, դրա համար բողոքի գործողությամբ իրենց անհանգստությունն են արտահայտում»,-ասաց նա։

Սահմանազատման գործընթացը, Գեղամ Մանուկյանի խոսքով, անօրինական է։

«Սահմանի մասին օրենքը ոտնահարում են, դեռ համաձայնություն չստորագրած՝ սկսում են սահմանազատում իրականացնել։ Վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր, Նիկոլի ասածն են անում։ Իրենք պարտավոր են օրենքը կատարել։ ՀՀ ԳՇ-ն պարտավոր է սահման պահել, ոչ թե Նիկոլի ոտքերի տակ մնալ»,-ասաց նա։

  • Կիսվել: