հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դեօկուպացիան պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը․ Հովհաննես Իգիթյան

Դեօկուպացիան պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը․ Հովհաննես Իգիթյան

Եթե մենք ուզում ենք, որ Արցախի հարցը լուծվի, պետք է համահայկական օրակարգ ներկայացնենք։ Այս մասին ԱԺ նիստում իր ելույթում ասաց «Իմ  քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

«Եվ այդ օրակարգի մեջ պետք է նշված լինի այն, ինչի մասին խոսեց արտգործնախարարը։ Դեօկուպացիայի հարցը պետք է նշված լինի բոլոր հայերի համար։ Դա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը։ Պետք է հասկանանք, որ առանց Հադրութի Արցախը թերի է, առանց Շուշիի Արցախը թերի է։ Դա պետք է լինի մեր ընդհանուր համակարգը՝ անկախ նրանից՝ ուժ ունենք այսօր, թե ոչ։ Ես գտնում եմ, որ հնարավոր է առաջ գնալ, և Արցախն, այո, ունի ապագա»,- հայտարարեց նա։

Ըստ Իգիթյանի՝ բոլոր միջազգային փաստաթղթերում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայն ու միայն խաղաղ ճանապարհով։ Դա մեծ ձեռքբերում է։

«Մինսկի խումբ կլինի, թե ՄԱԿ-ի, ԵԽԽՎ բանաձևերում կամ առանձին պետություններում բարձր մակարդակներում նշված էր այդ հարցը։ Եվ երբ մենք խոսում ենք Արցախի պատերազմի մասին, մենք պետք է հասկանանք, որ ցանկացած քաղաքական մանիպուլյացիա օգտագործվում է մեր դեմ։ Օրինակ բերեմ՝ ինչո՞ւ սկսվեց պատերազմը։ Այստեղ ասում են՝ մեկը հող է ծախել, փող է վերցրել, մյուսն այսպես կամ այնպես է արել։ Ոչ, պատերազմն սկսվեց, որովհետև Ադրբեջանը ունեցավ Թուրքիային որպես ռազմական պարտնյոր։ Ալիևն այդ մասին ինքն է ասել»,- նշեց Իգիթյանը։

Նրա խոսքով՝ եթե մենք իրոք ուզում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը միջազգայնորեն ու դիվանագիտական դաշտում ճիշտ ձևակերպվի, ապա ճիշտ պետք է ներկայացնենք այս պատճառը։ «Եվ պատճառի մեջ է նշել, որ պատերազմն սկսվեց, որովհետև Ադրբեջանը խախտեց բոլոր բանաձևերը, Թուրքիան խախտեց բոլոր բանաձևերը։ Եվ օգտագործվեց նաև վարձկանների ու ջիհադիստների մեծ բանակ։ Սա է պատճառը»,- հավելեց նա":

  • Կիսվել: