չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է. Հակակոռուպցիոն կոմիտե

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է. Հակակոռուպցիոն կոմիտե

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է։ Այս մասին լրտավմիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Ի պատասխան՝ հաստատում ենք, որ Դ. Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով»,–ասացին կոմիտեից։

Այսօր ավելի վաղ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը` «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Դավիթ Ղազինյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանը, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,–ասված էր ՀԿԿ հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: