Դատախազությունը դիմելու է ՌԴ՝ Գևորգ Կոստանյանի ու Վահագն Հարությունյանի հանձնման հարցով. Վարդապետյան
ՀՀ դատախազությունը դիմելու է Ռուսաստանին՝ Մարտի 1-ի գործով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և նույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում վերոնշյալ գործով հանրային լսումների ժամանակ ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
«Չունենք ռուսական կողմից համաձայնություն՝ նրանց արտահանձնելու համար, թեև դատախազությունը կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստան՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը»,-ասաց գլխավոր դատախազը և հավելեց, որ թե՛ Կոստանյանը, թե՛ Հարությունյանը գտնվում են Ռուսաստանում:
Նշենք, որ այսօր ավելի վաղ Հակակոռուպիցոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ասել էր, որ Կոստանյանն ու Հարությունյանը դեռ գտնվում են հետախուզման մեջ:
Նահապետյանի խոսքով՝ Վահագն Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ որպես քննչական խմբի ղեկավար կազմակերպել է քննիչների և ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և փորձագետներին ներկայացված տարբեր տրամաչափի պարկուճները փոխելու գործընթացը: Ինչպես նաև, ըստ մեղադրանքի, Հարությունյանը խեղաթյուրել է զինված ուժերի մասնակցությունը Մարտի 1 -ի իրադարձություններին՝ այդ կերպ օժանդակելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելու և պաշտոնական կեղծիքներ կատարելուն:


