երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Դարձաք Արցախի ձայնը՝ խնդիրը լսելի դարձնելով միջազգային ասպարեզում․ Արմեն Սարգսյանը՝ Քերոլայն Քոքսին

Դարձաք Արցախի ձայնը՝ խնդիրը լսելի դարձնելով միջազգային ասպարեզում․ Արմեն Սարգսյանը՝ Քերոլայն Քոքսին

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:

«Ձեր բազմաբնույթ օժանդակությամբ և աջակցությամբ Դուք բոլոր ժամանակներում և բոլոր իրավիճակներում կանգնած եք եղել Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի կողքին՝ ականջալուր լինելով Ձեր խղճին ու պարզ մարդասիրությանը, անտեսելով տարբեր մակարդակներով հորդորներն ու նույնիսկ սպառնալիքները։

Ձեր շնորհիվ միջազգային հանրությունն ազդակներ է ստացել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և Արցախի ճակատագրի մասին, տեղեկացվել Արցախում ապրող հայերի ինքնությանը և անվտանգությանը սպառնացող վտանգների մասին։

Դուք դարձաք Արցախի ձայնը՝ Արցախի խնդիրը լսելի դարձնելով միջազգային ասպարեզում։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի  բարեկամ, քաջառողջություն և ամենայն բարիք»,- ասվում է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

  • Կիսվել: