շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«...Դա նշանակում է շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու»․ Փաշինյանը՝  Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման հարցերը քննարկելուց հրաժարվելու մասին

«...Դա նշանակում է շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու»․ Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման հարցերը քննարկելուց հրաժարվելու մասին

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։
 
Պատասխանելով բնակիչներից մեկի հարցին ՝ Փաշինյանը հայտարարեց, որ կարելի է հիմա դահլիճից դուրս գալ ու ասել, որ որևէ սահմանազատման և սահմանագծման հարց չի լինելու, բայց դա, ըստ նրա, անհետևանք չի մնա։
 
«...Դա նշակում է շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո ես գիտեմ` ինչ է լինելու պատերազմի վերջում։ Երևանում, որ մի տեղ իրար տենանք, դուք ասելու եք` մենք գյուղացի ժողովուրդ էինք, այդքան ինֆորմացիա չունեինք, բա դու այդքան տեղեկություն չունեի՞ր, բա դու ի՞նչ էիր անում»,– ասաց նա։
ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ իշխանությունների խնդիրն այս պահին այնպիսի սահման ունենալն է, որ միջազգայնորեն, դե յուրե պարիսպ լինի ու այնտեղից ոչ մի կրակոց չհնչի։
 
«Եթե մենք ինչ–որ բան տալիս ենք, տալիս ենք պահանջելու համար ինքն էլ է (նկատի ունի Ադրբեջանը) 30 տարի եղել պահանջողի կարգավիճակում, քայլ առ քայլ ստացել է, մենք էլ քայլ առ քայլ պետք է ստանանք, բայց ստանալու համար պետք է պահանջենք այն, ինչ օրինականորեն մեզ է պատկանում»,– նշել է վարչապետը։
 
Նա հավելեց նաև, որ այս ամենը չի նշանակում, թե Տավուշում այլևս ճանապարհներ չեն կառուցվելու, գյուղերն ամեն ինչով չեն ապահովվելու։

  • Կիսվել: