Չիպեր, որոնք աշխարհի երկրների մեծ մասում չկան, չեն էլ կարող լինել. Վենսը՝ ՀՀ–ում NVIDIA-ի ներդրումների մասին
Շատ ուրախ եմ Հայաստանում գտնվելու համար և հատկապես շնորհակալ եմ, որ երկրորդ տիկնոջը՝ Ուշա Վենսին, նկարագրեցիք որպես մեծարգո և երևի ապագայում արդեն սպասելիքներ, ակնկալիքներ ստեղծեցիք։ Սա շատ հիասքանչ երկիր է, որի հետ համագործակցելով՝ ԱՄՆ-ն շատ հպարտանում է։ Այս մասին այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայտարարության արարողության ժամանակ ասաց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նա, մասնավորապես, նշեց. «Նախագահ Թրամփն ուղարկում է անձամբ ձեզ և նաև Հայաստանի ժողովրդին իր անձնական բարևները։ Նախագահ Թրամփը և վարչապետ Փաշինյանը իրար հետ շատ մեծ բանի են հասել. խաղաղությունը չի կերտվում զգույշ մարդկանց կողմից, խաղաղություն անցյալում չի կերտվում, խաղաղություն կերտվում է ապագայում և քանի որ վարչապետ այսպիսի մեծ առաջընթաց է ունեցել իմ հետ աշխատելով և նախագահ հետ աշխատելով, մենք ոչ միայն Հայաստանի համար խաղաղություն ենք կերտում միասին, այլ նաև բարգավաճում ԱՄՆ-ի հետ միասին։
Այսօր մենք ուզում ենք հայտարարել այնպիսի բաներ, որոնք առանց ձեր առաջատարության, առանց ձեր հանձնառությունների հնարավոր չէր լինի, ինչպես նաև առանց մեր երկրի նախագահի առաջատարության։ Ես իրոք հավատացած եմ, որ այսօր մի նոր սկիզբ է Հայաստանի և Միացյալ Նահանգների գործակցության համար, գործընկերության համար։
Ես ուզում եմ մի քանի բան հայտարարել. պարոն վարչապետը արդեն նշեց, բայց ևս անգամ կընդգծեմ, թե ինչի վրա ենք շարունակելու աշխատել։ Նախևառաջ, ինչպես նա նշեց, այս հիասքանչ տեխնիկական համաձայնագիրը ԱՄՆ-ն հպարտորեն հաստատեց NVIDIA ընկերության համար։ Դա նշանակում է նոր շուկաներ, նոր աշխատանք ինչպես ամերիկյան աշխատուժի և ընկերությունների համար, այնպես էլ՝ Հայաստանի համար։ Սրանք չիպեր են, որ աշխարհի երկրների մեծ մասում չկան, գոյություն չունեն, չեն էլ կարող լինել։ Հիմա այստեղ կառուցվելու են և արդեն կառուցվում են Հայաստանում վարչապետի առաջատարության արդյունքում»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9–ին, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Ամերիկյան պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։


