Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան
Թուրքիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ Կարո Փայլանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորություններին և աշխարհաքաղաքական զարգացումներին։
Անդրադառնալով Հայաստանում անցկացված ընտրություններին և դրանց արդյունքներին՝ Կարո Փայլանը նշել է.
«Այս շաբաթ Հայաստանում էի, մի քանի քաղաքում՝ Գյումրիում, Երևանում և այլուր։ Ժողովրդի հետ խոսեցի և տեսա, որ հիմա ժողովրդի մեջ բաժանում կա և մտահոգություններ կան։ Անշուշտ, ժողովուրդը խաղաղություն է ուզում, բայց, միևնույն ժամանակ, մտահոգ է, թե ինչ է լինելու, ինչպիսին է լինելու ապագան, արդյոք այս խաղաղությունը մնայուն է լինելու, թե ոչ։ Թուրքիան դանդաղ է շարժվում դեպի խաղաղության նորմալացման գործընթաց, քանի որ, դժբախտաբար, Ադրբեջանն է դանդաղեցնում այն։
Հիմա Հայաստանի ժողովուրդը որոշեց՝ ով է ուզում, որ կառավարի Հայաստանը նորից, և ով է ուզում, որ ընդդիմություն լինի։ Եվ հուսով եմ՝ բոլոր հայ քաղաքական գործիչները, պատգամավորները միասնաբար, հուսով եմ, Հայաստանի ապագայի պայծառ լինելու համար միասնաբար պետք է աշխատեն»։
Խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա ընտրությունների արդյունքների ազդեցության մասին՝ Փայլանը նշել է. «Հիմա Թուրքիան երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո հասկացավ, որ պատերազմով շահ չի կարող ունենալ Կովկասում, և նորմալացման գործընթաց սկսեց։ Բայց, դժբախտաբար, այս նորմալացման գործընթացը դանդաղեց, որովհետև Թուրքիան պատանդ է Ալիևի ձեռքում, որպեսզի Ալիևը չնեղանա, որ Թուրքիան շատ արագ առաջ է շարժվում։ Նախ և առաջ ուզում է, որ Հայաստանը պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ, հետո Թուրքիան կարողանա առաջ շարժվել։ Սակայն հիմա Թուրքիայում էլ բոլոր քաղաքական գործիչները սա հնարավորությունների պատուհանի պես են տեսնում և մտահոգ են, որ այս հնարավորությունների պատուհանը կարող է փակվել։ Եվ կտեսնենք, կհետևենք, թե Ռուսաստանն ինչպես է Հայաստանի վրա ճնշում գործադրելու։ Այս ընտրություններից հետո նորմալացման գործընթացը շատ ավելի արագ պետք է շարժվի»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:



