ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ քարտուղարուհու, դա իմ մակարդակը չէ. Ալեն Սիմոնյանը՝ Զախարովայի մասին

Չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ քարտուղարուհու, դա իմ մակարդակը չէ. Ալեն Սիմոնյանը՝ Զախարովայի մասին

Ես դա չէի անվանի լարվածություն, կանվանեի իրավիճակ, որտեղ կան հարցեր եւ չկան հստակ պատասխաններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությանը:

«Հարցերը հետեւյալն են. արդյոք ՌԴ-ն պատրաստվում է կատարել իրենց նախագահի ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները, թե ոչ, այն է՝ Լաչինի միջանցքի անխոչընդոտ գործունեությունը: Մեր 120 հազար հայրենակիցներն այնտեղ պատանդի կարգավիճակում է: Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ պետք է լինի ռուսական զորքերի վերահսկողության տակ: Արդյոք դա այսօր այդպես է: Ոչ, այդպես չէ, եւ ակնհայտ է, որ մենք հարց ունենք, որը հղում ենք մեր ռուս գործընկերներին՝ արդյոք իրենք շարունակելու են կատարել իրենց պարտավորությունները, արդյոք իրենք ընդհանրապես իրենք ի վիճակի են, եւ երրորդ՝ ամենակարեւորը, արդյոք իրենք ուզում են կատարել իրենց պարտավորությունները: Այ սա է լարվածությունը»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա չցանկացած արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նախօերին արված հայտարարությանը, որ իր հայտարարություններն անվանել էր «բռիությանը նմանվող մի ինչ-որ բան»:

«Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ՝ իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքել: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի»:

Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան ՛՛բռիությանը նմանվող մի ինչ-որ բան՛՛ է անվանել Ալեն Սիմոնյանի ասածները:

՛՛Սա հանրային հռետորաբանություն է՝ շատ մոտ, գիտե՞ք, բռիությանը նմանվող մի ինչ-որ բանի, այն պարզապես չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին՛՛,-ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որն ասել էր, որ Զախարովայի հավաստիացումներն այն մասին, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անհեթեթություն են։ Սիմոնյանը նաեւ հայտարարել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների իրավասության տակ։

  • Կիսվել: