կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Չեմ կարող պնդել, որ Ադրբեջանը նախապատրաստվում է լայնածավալ գործողությունների. Անդրանիկ Քոչարյան

Չեմ կարող պնդել, որ Ադրբեջանը նախապատրաստվում է լայնածավալ գործողությունների. Անդրանիկ Քոչարյան

Ես չեմ կարող պնդել, որ Ադրբեջանը նախապատրաստվում է լայնածավալ գործողությունների, որովհետեւ շատ է ապատեղեկատվությունը կուտակումների եւ այլնի մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Իհարկե, մենք պետք է լինենք շատ ուշադիր ցանկացած ինֆորմացիայի արտահոսքերի նկատմամբ, որովհետեւ եթե մենք օր առաջ ինֆորմացիան չճշտենք եւ չպլանավորենք դրա հակազդման  գործողությունները, մենք կունենանք այնպիսի անակնկալներ, որոնք հակառակորդին կտան առավելություններ:

Այսօր այդպիսին չէ իրավիճակը: Գոնե այն հատվածներում, որտեղ անձամբ ինքս շրջագայել եմ եւ այն կատարվող ու ակնկալվող աշխատանքները, որոնց համար մեզ հանգիստ իրողություններ են անհրաժեշտ, լարվածությունից դուրս թեկուզ դիրքային այս փոփոխությունների առկայության պայմաններում մենք մեր առջեւ դրված խնդիրները պետք է լուծենք եւ Հայաստանի սահմանները պետք է դարձնենք ոչ միայն ինժեներական առումով անառիկ, այլ դրա պաշտպանության առումով եւս»,-հայտարարեց նա:

Հարցին, թե որքանո՞վ է պատրաստ մեր բանակը լայնածավալ գործողությունների՝ հաշվի առնելով նաեւ վերջին օրերին բանակում զինծառայողների սպանության ու ինքնասպանության դեպքերը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Այո, մենք ներսում ունենք չլուծված խնդիրներ: Եթե մենք այսօր ունենք չլուծված խնդիր, վաղը դա պետք է չլինի: Եթե կա երեկ չլուծված խնդիրը, որի լուծումը դեռ իրականությունից հեռու է, ուրեմն մենք մեր աշխատանքի մեջ ինչ-որ տեղ թերացել ենք: Մենք ունենք իրողություն, որը պետք է հաղթահարված լիներ: Դրա համար մեծ ջանքեր են պահանջվում եւ հրամանատարությունից, եւ զինվորից, եւ զինվոր-հրամանատար, բանակ-հասարակություն փոխհարաբերությունից, եւ նաեւ լրատվական դաշտի ու զինված ուժերի փոխըմբռնումից: Միայն բանակի ուսերին թողնել այս ծավալուն խնդիրների լուծումը, մեզ ոչ մի տեղ չի հասցնելու»:

  • Կիսվել: