չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԲՀԿ-ն ՍԴ դատավորների քվեարկությունը բոյկոտելու որոշում չունի․ Պատգամավոր

ԲՀԿ-ն ՍԴ դատավորների քվեարկությունը բոյկոտելու որոշում չունի․ Պատգամավոր

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռևս հանդիպումներ չի ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի թափուր երեք պաշտոններում առաջադրված թեկնածուների հետ և այդ հարցի կապակցությամբ որոշում չունի։ Այդ մասին InfoPort.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Դատավորների թեկնածուների հարցը մենք չենք քննարկել, բայց ես անձամբ ճանաչում եմ թեկնածուներին։ Նրանք իմ համալսարանական աշխատանքային գործընկերներն են և անձնապես շատ դրական կարծիք ունեմ», -ասաց Պետրոսյանը։

Արձագանքելով մամուլում հրապարակված տեղեկությանը, թե ԲՀԿ-ն պատրաստվում է բոյկոտել ՍԴ դատավորների քվեարկությունը, պատգամավորն ասաց, որ խմբակցությունը նման որոշում չի կայացրել։

«Ամեն մի լուր, չի նշանակում, որ ճիշտ է։ սակայն եթե այդուհանդերձ, նման բան լինի, ապա դա թեկնածու անձանց դեմ ուղղված գործողություն չի լինելու», -հավելեց պատգամավորը։

Նշենք, որ Սահմանդրական դատարանի դատավորի երեք թափուր պաշտոնի համար առաջադրվել են երեք թեկնածուներ՝ Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վարշամյանը, Էդգար Շաթիրյանը։

  • Կիսվել: