չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Ընտրակաշառքով գործունեություն ծավալող կուսակցությունները պետք է հնարավորություն չունենան զբաղվելու քաղաքականությամբ. Հովհաննիսյան

Ընտրակաշառքով գործունեություն ծավալող կուսակցությունները պետք է հնարավորություն չունենան զբաղվելու քաղաքականությամբ. Հովհաննիսյան

Ընտրություններն անցել են արդար և թափանցիկ: ԿԸՀ-ն արձանագրել է ընտրության վերջնական արդյունքները: Դրանից հետո բոլոր կողմերը՝ թե՛ քաղաքական ուժերը, թե՛ անկախ դիտորդական կազմակերպությունները, իրավունք ունեն համապատասխան իրավական գործընթացներն անել բողոքարկելու տեսանկյունից: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: 

Նա նշեց, որ դրա համար կա Սահմանադրական դատարան, և բոլորն ազատ են դիմելու ՍԴ:

«Իմ քաղաքական մեկնաբանությունն այն մասին է, որ ես չեմ տեսնում որևէ հիմք ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ»,-նշեց պատգամավորը:

Լրագրողների հարցին, թե ի՞նչ պետք է լինի ընտրակաշառք բաժանած ուժերի ճակատագիրը, նա պատասխանեց՝ դրա վերաբերյալ արդեն կան քննարկումներ:

«Պարզ է, որ այն մարդիկ, որոնք այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունեն, իրենք իրենց գրպանի փողը չեն բաժանել, իրար մեջ չեն բաժանել այդ փողերը, պարզ է, որ պետք է գնանք և հասնենք գլուխներին: Այստեղ գործել է հանցավոր սխեմա, որն ամբողջ Հայաստանի տարածքով են փորձել գործարկել, ինչի արդյունքում էլ ստացել են այսքան ձայն: Ես ցավում եմ սրա համար, որ ՀՀ քաղաքացիները ընտրակաշառքի բերումով  և այլ հանցավոր ներգործությունների բերումով գնացել են տեղամասեր և իրենց քվեն տվել են պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներին»,-ասաց Հովհաննիսյանը և ընդգծեց՝ բոլորը պետք է պատասխան տան օրենքի առաջ:

Նա նաև հավելեց. «Խոսքը չի կարող վերաբերել միայն այն մարդկանց, որոնք, այսպես ասած, գործի վրա բռնվել են: Պետք է ավելի խոր քննություն իրականացվի, հանցավոր սխեման ամբողջությամբ պարզվի, և բացահայտվեն պատվիրատուները՝ գլուխները, ում գրպանից այդ փողերը գնացել են այդ տասովշչիկներին, որոնք արդեն հողի վրա իրականացրել են այդ հանցավոր գործունեությունը»:

Հովհաննիսյանը պարզաբանեց՝ «գլուխներ» ասելով կասկածներ ունի, որ դրանք տանում են դեպի պատերազմի եռագլուխ կուսակցության ղեկավարները: 

Անդրադառնալով ընտրության արդյունքներին՝ Հովհաննիսյանը նշեց՝ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը իր վստահության քվեն տվել է ՔՊ կուսակցությանը, և ձևավորված է արդեն խորհրդարանը:

Ըստ ՔՊ խմբակցության քարտուղարի՝ ինչ վերաբերում է ուժերին, որոնք իրենց մանդատների մեծ մասն ստացել են ընտակաշառքի միջոցով, նրանք պետք է օրենսդրությամբ պատասխան տան:

«Իմ և իմ գործընկերների քաղաքական գնահատականն այն է, որ համակարգված ընտրակաշառքով քաղաքական գործունեություն ծավալող կուսակցությունները, քաղաքական ուժերը պետք է հնարավորություն չունենան զբաղվելու քաղաքականությամբ, և դրա համար պետք է համապատասխան օրենսդրություն մշակվի»,-ասաց Հովհաննիսյանը:

 

  • Կիսվել: