հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Բայրամովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. քննարկել են «Թրամփի ուղին»

Բայրամովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. քննարկել են «Թրամփի ուղին»

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության՝ նրանք քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Նշվում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ԱՄՆ պետքարտուղարին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության հեռանկարների վերաբերյալ։

Դրական են գնահատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկված քայլերը, ինչպես նաև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները: Ընդգծվել է «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնության իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։

Իր հերթին Սպիտակ տունը հայտնել է, որ Մարկո Ռուբիոն բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումները՝ դրանք համարելով խաղաղության համաձայնագրի իրականացմանն ուղղված կարևոր քայլ։

  • Կիսվել: