ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բայց մեր հարգարժան կառուցապատողները, ինչպես ցանկացած շուստրի տղա, փորձեցին շրջանցել օրենքը. Քաղաքապետի խոսնակը Ծառուկյանի մասին

Բայց մեր հարգարժան կառուցապատողները, ինչպես ցանկացած շուստրի տղա, փորձեցին շրջանցել օրենքը. Քաղաքապետի խոսնակը Ծառուկյանի մասին

Քաղաքապետ Հայկ Մարությանը Գագիկ Ծառուկյանին շինթույլտվություն չի տվել, ինչպես պնդում է վերջինս, նրան տրվել է զուտ նախագծման թույլտվություն, դրանք տարբեր փաստաթղթեր են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Ծառուկյանի այն պնդմանը, որ Մարությանն է տվել հուրանոց կառուցելու շինթույլտվությունը, որը երեկ քաղաքապետը որակեց ապօրինի:

«Խոսում ենք երկու փաստաթղթի մասին՝ նախագծի թույլտվությունը ստանալուց հետո կառուցապատողը պետք է ստանա նաև շինթույլտվություն, որից հետո միայն սկսի շինարարական աշխատանքները»,- բացատրեց Կարապետյանը՝ հավելելով, որ շինթույտվություն տվել է դեռևս քաղաքապետ Տարոն Մարգարյան փետրվարի 16–ին 2018թ ։

Դրանից երեք օր անց, նրա խոսքով, Վարչական դատարանը վարույթ է ընդունել հարևան շինության սեփականատիրոջ բողոքը, և վարույթն ընդունելու պահից Ծառուկյանի շինթույլտվությունը կասեցվել է.

«Բայց մեր հարգարժան կառուցապատողները, ինչպես ցանկացած շուստրի տղա, փորձեցին շրջանցել օրենքը և շարունակել կառուցապատումը, և 2018թ. հունիս–հուլիս ամիսներին, երբ ընկալում կար, որ մի քիչ խառը իրավիճակ է, այդ շինարարությունն ինտենսիվորեն ընթանում էր»։

Սակայն, նշեց Կարապետյանը, այդ ընթացքում ընկերությունը մի քանի անգամ տուգանվել է համայնքի կողմից՝ 200 հազար, ապա 2 մլն դրամով, ինչից հետո գործն ուղարկվել է իրավապահ մարմիններին։ Այս տարվա ապրիլին Մարությանը որոշակի փոփոխություններով «Մուլտի Գրուպին» տվել է երկրորդ նախագծման թույլտվություն, սակայն շինթույլտվության դիմում, ըստ Կարապետյանի, քաղաքապետարանը չի ստացել։ Նշենք, որ խոսքը գնում է Աբովյան 5 հասցեում կառուցվող հյուրանոցի մասին է, որը, ըստ շինթույտվության, պետք է լիներ մեկ հարկանի, բաըց արդեն իսկ կառուցվել է երեք հարկ:

  • Կիսվել: