Բանակցություններում անպայման քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀՀ օկուպացված տարածքներից դուրս գալու հարցը. Պապոյան
Հայաստանը միայնակ կարողանում է իր շահն առաջ տանել, եւ դրա ամենամեծ օրինակը սահմանազատման գործընթացն է։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:
Նրա խոսքով, դրա արդյունքում Հայաստանը ստացավ պետական սահման՝ կոնկրետ հատվածում:
Պապոյանը հայտարարեց, որ սահմանազատման ու սահմանագծման բանակցություններում անպայման քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀՀ օկուպացված տարածքներից դուրս գալու հարցը։
«Թե այսօր, վաղը, թե երկու տարի հետո որ փուլում կհասնենք՝ չեմ կարող ասել, բայց, երբ մենք խոսում ենք սահմանազատման մասին՝ նշանակում է հյուսիս-արևելյան ամենավերևի կետից մինչև հարավ-արևելյան ամենաներքևի կետ, այնուհետև Նախիջանի ամբողջ սահման- ՀՀ պետական սահման, բոլոր հարցերը պետք է քննարկվեն»,- հավելեց նա։
Պապոյանն նաև ընդգծեց. «Մենք այս կոնկրետ իրավիճակում հաջողություն ենք արձանագրել, եւ եթե օրինակ, այս տրամաբանությունը շարունակվի, պայմանավորվենք եւս մեկ հատված, հետո եւս մեկ հատված սահմանազատվի, կարծում եմ՝ պետք չի հրաժարվել այս տրամաբանությունից եւ պետք է այդպես շարժվել առաջ»: