Բացի փոխհատուցման մասին թղթից, այլ թուղթ էլ են տալիս, որ մարդիկ ստորագրեն, բովանդակությունը «մութ» է. Գառնիկ Դանիելյան
Բացի մարզպետարանին ուղղված գույքից հրաժարվելու ու փոխհատուցման մասին խնդրանքի թղթից, ուրիշ թուղթ էլ են տալիս, որ մարդիկ ստորագրեն, ու նորից «մութ» է այդ թղթի բովանդակությունը: Այս մասին, այսօր Կիրանցում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Փաստաթղթի մեջ հստակ երևում է՝ հրաժարվում ենք գույքային և այլ իրավունքից, բայց չի ասվում՝ որն է «այլ» իրավունքը: Կարծում ենք՝ դա անում են, որ հետագայում քրգործ հարուցել չստացվի: Իշխանափոխությունից հետո քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն այս հակասահմանադրական գործընթացի համար»,- ասաց նա:
Գառնիկ Դանիելյանը նշեց՝ մարդիկ կան Կիրանցում, որ ունեն կադաստրի վկայականներ ու չեն վերցրել գումարները. «Մարդիկ չեն ուզում պատասխանատվություն կիսել իշխանության հետ: Ամբողջ պետական ապարատն աշխատում է գյուղացիների հետ: Այդ ճնշումներն իրականացվում են ուժային կառույցների ՏԻՄ մարմինների»,- նշեց պատգամավորը
Գառնիկ Դանիելյանին տեղեկություններ են հասել, որ Տիգրանաշենի բնակիչների հետ հատ-հատ աշխատում են և՛ պաշտոնյաները, և՛ հատուկ ծառայությունները:
«Չեն ասում՝ հանձնում ենք, ասում են՝ կարո՞ղ է ձեր գույքը ուզենաք վաճառել: Ու ամբողջ Հայաստանը դառնալու է Կիրանց, Տիգրանաշեն»,- ընդգծեց պատգամավորը: