երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բաց մրցույթի արդյունքները դատական կարգով բողոքարկվել են․ ՏԿԵՆ նախարարության պարզաբանումը

Բաց մրցույթի արդյունքները դատական կարգով բողոքարկվել են․ ՏԿԵՆ նախարարության պարզաբանումը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Գնել Սանոսյանը 96 միլիոն 661.000 դրամ է հատկացրել «զեմլյակների» ՍՊԸ-ին տեղեկության վերաբերյալ։

««168.am»-ի «Գնել Սանոսյանը 96 միլիոն 661.000 դրամ է հատկացրել «զեմլյակների» ՍՊԸ-ին՝ հրատապ կարգով ճանապարհների պահպանության համար» վերտառությամբ հրապարակման հետ կապված՝ հարկ ենք համարում նշել‚ որ Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքների բաց մրցույթի արդյունքները դատական կարգով բողոքարկվել են։

Մրցույթը կայացել էր‚ և ՀՀ ՏԿԵՆ կողմից 16.05.2023թ. պայմանագիր էր կնքվել նվազագույն գին առաջարկած կազմակերպության՝ «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊԸ-ի հետ։

Հաշվի առնելով այն հանգամանքը‚ որ երթևեկության անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ է ապահովել ճանապարհների պահպանման անընդհատությունը‚ մինչ դատական կարգով խնդրի հանգուցալուծումը հրատապ մեկ անձ ընթացակարգով գնում է կատարվել նախկին 5 տարիներին այս տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկած կազմակերպության՝ «Քյավառ սերվիս» ՍՊԸ-ից։

Ի դեպ‚ մինչ դատարանի վճիռը պահպանման աշխատանքներ կատարելու նպատակով 2023թ.-ին պայմանագիր կնքելու առաջարկ է եղել նաև մրցույթին ցածր գին առաջարկած և մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊԸ-ին‚ որը‚ սակայն‚ հրաժարվել է առաջարկից։

Առաջարկներ են եղել նաև հարակից տարածաշրջանների ճանապարհները սպասարկող ևս 3 կազմակերպությունների‚ սակայն վերջիններս նույնպես հրաժարվել են։

Ուստի հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և ելնելով բացառապես երթևեկության մասնակիցների շահերից՝ հրատապ մեկ անձ ընթացակարգով գնում է կատարվել «Քյավառ սերվիս» ՍՊԸ-ից։

Հուսով ենք‚ որ խնդիրը դատական ատյաններում հրատապ լուծում կստանա‚ և մրցութային գործընթացը կամփոփվի օրենքի շրջանակներում»,- նշված է պարզաբանման մեջ։

  • Կիսվել: