երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բաբկեն Թունյանն ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Բաբկեն Թունյանն ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: Այս մասին հայտնեցին Ազգային ժողովից:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 27-ի նիստի օրակարգում երկու հարց է եղել՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության եւ հանձնաժողովի աշխատակարգի հաստատման:

Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրում է Բաբկեն Թունյանի թեկնածությունը: Պատգամավորը ներկայացրել է թեկնածուի կենսագրական եւ մասնագիտական տվյալները, աշխատանքային գործունեությունը:

Շնորհակալություն հայտնելով «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար՝ Բաբկեն Թունյանը հույս է հայտնել, որ լինելով ԱԺ-ի ծանրաբեռնված հանձնաժողովներից մեկը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից այս հանձնաժողովը կլինի մասնագիտական բարձրության վրա, հարցերը կքննարկվեն բազմակողմանի եւ բոլորի համար կապահովի հավասար ձայնի իրավունք ու ներկայացուցչություն: Համագործակցության պատրաստակամություն հայտնելով՝ թեկնածուն նշել է, որ իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի ավելի լավ երկիր ու տնտեսություն ունենալու համար:

Քվեարկության արդյունքում Բաբկեն Թունյանն ընտրվել էհանձնաժողովի նախագահի տեղակալ:

Հանձնաժողովը հաստատել է նաեւ գործունեության աշխատակարգը:

  • Կիսվել: