հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱԺ-ն քննարկեց Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունները

ԱԺ-ն քննարկեց Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունները

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: 

«Խոսքը վերաբերում է ձերբակալման ինստիտուտին: Ոչ իրավաբանական տերմինով ներկայացնեմ, թե ինչն էր խնդիրը: Ըստ քրեական դատավարության օրենսգրքի՝ եթե տառացի մեկնաբանում ես, ստացվում էր, որ հանցագործություն կատարած անձը, եթե չի դիմում փախուստի, ապա իրեն ձերբակալել չի կարելի»,- ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, օրենքի նախագծի համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը:

Պատգամավորի խոսքով՝ որոշ դեպքերում սա օրենսդրական բաց է, իրենց նախաձեռնությունը հենց այդ բացերը լրացնելու համար է:

«Նախագիծն ընդունելու դեպքում, եթե անձը կատարում է արարք, անկախ նրանից՝ փախուստի դիմելու նպատակ ունի թե չէ, եթե կան անհրաժեշտ բոլոր պայմանները, քրեական վարույթ իրականացնող մարմինն իրավունք ունի տվյալ սուբյեկտին ձերբակալել կամ որոշում կայացնել նրան ձերբակալելու մասին»,- ասաց Բաղդասարյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանն անդրադարձավ նախագծի երկու հիմնական փոփոխության: «Մեկը պայմանավորված է ձերբակալման հասկացությունից ձերբակալման նպատակի դուրսբերմամբ, հաջորդ հիմնական փոփոխությունը պայմանավորված է ձերբակալման երկու տեսակների հստակեցմանն ու կանոնակարգմանը՝ մասնավորապես ազատության մեջ գտնվող մեղադրյալի ձերբակալմանը և խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալմանը»,-ասաց նա:

  • Կիսվել: