երեքշաբթի, հունվար 21
21 / 1 / 2025
Ազգային, ռասայական, էթնիկ խմբերի պաշտպանության ապահովումը պետք է շարունակի լինել մարդու իրավունքների միջազգային համակարգի ուշադրության կենտրոնում. Միրզոյան

Ազգային, ռասայական, էթնիկ խմբերի պաշտպանության ապահովումը պետք է շարունակի լինել մարդու իրավունքների միջազգային համակարգի ուշադրության կենտրոնում. Միրզոյան

Ազգային, ռասայական, էթնիկ խմբերի պաշտպանության ապահովումը պետք է շարունակի լինել մարդու իրավունքների միջազգային համակարգի ուշադրության կենտրոնում: Այդ մասին «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Միաժամանակ հասկանալի է, որ այս առումով հաջողության միակ գրավականը միջազգային սերտ համագործակցությունն է, այդ թվում՝ ՄԱԿ-ի կառույցների, տարածաշրջանի կազմակերպությունների, անդամ երկրների, հասարակական կազմակերպությունների և այլ դերակատարների միջև: Այդ համագործակցության ապահովումը վաղուց դարձել է ընդհանուր պատասխանատվություն, որում իրենց յուրովի դերն ունեն թե՛ որոշումների կայացման գործընթացում ներգրավված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները և տարածաշրջանային խոշոր դերակատարները, թե՛ տեղում իրավիճակի վրա ազդեցություն ունեցող, իսկ հաճախ կանխարգելման օրակարգի առաջմղման հարցում առաջամարտիկի դեր ստանձնած փոքր պետությունները»,- ասաց նա:

Ըստ արտգործնախարարի՝ միայն համախոհությունն է, որը թույլ կտա հաղթահարել հուսահատության շղթան և պայքարել իրավունքահեն աշխարհակարգի վերականգնման ուղղությամբ:

«Խոսքս ցանկանում եմ ավարտել ցեղասպանության կանխարգելման բանաձևի մի շատ կարևոր դրույթով. «Բոլոր ժողովուրդներն իրենց ներդրումն ունեն քաղաքակրթությունների և մշակույթների բազմազանության և հարստացման գործում, ինչը և կազմում է մարդկության ընդհանուր ժառանգությունը»:

Իսկ այդ ժառանգության պաշտպանության գործը, կարծում եմ, յուրաքանչյուրիս պարտավորությունն է»,- ամփոփելով խոսքը՝ ասաց Միրզոյանը:

  • Կիսվել: