երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Այսօր պատգամավոր ունենք, որն ավելի շատ թռնում ա, քան քայլում ա. Գևորգ Պետրոսյանը՝ անարդյունավետ գործուղումների մասին

Այսօր պատգամավոր ունենք, որն ավելի շատ թռնում ա, քան քայլում ա. Գևորգ Պետրոսյանը՝ անարդյունավետ գործուղումների մասին

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Այսօր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պետական բարձրագույն մարմինների աշխատակազմերի ղեկավարները ներկայացրել են պետական բյուջեից հատկացվող ֆինանսների չափը և ծախսման ուղղությունը:

Մասնավորապես, Ազգային ժողովի աշխատակազմին հատկացվող ֆինանսները կաճեն. 2020-ին ՀՀ պետական բյուջեով ԱԺ-ին կհատկացվի 6 մլրդ 96 մլն դրամ, ինչը 2019-ի համեմատ 842 մլն դրամով ավելի է: Մասնավորապես, աճելու են գործուղումների վրա հատկացվող գումարները և ինչպես ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն ասաց, լինելու են որակական փոփոխություններ: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին հետաքրքրում էր՝ որքանով են նպատակային գործուղումների վրա ծախսվող գումարները:

«Էնպիսի մեխանիզմ է պետք մշակել, որ պատգամավորը հաշվետվություն տա իր գործուղման արդյունքի համար, այսօր պատգամավոր ունենք, որն ավելի շատ թռնում ա, քան քայլում ա: Հիմա ժողովուրդն հարցնում ա՝ էս մարդը, որ էսքան գնում, ստեղ-ընդեղ ման ա գալիս, ըմբոշխնում ա ամառային երեկոների հաճույքը, էդ մարդու բերած օգուտը էս երկրին ի՞նչ ա», -հայտարարեց Պետրոսյանը՝ դիմելով ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին: Նիստը նախագահող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը միջամտեց և ասաց, որ նման մեխանիզմ կա. պատգամավորները վերադառնում են գործուղումներից ու մամլո ասուլիսում ներկայացնում կատարած աշխատանքը: Այդուհանդերձ, Գալստյանը պատասխանելով պատգամավորին, նկատեց, որ պատգամավորի աշխատանքը աշխատակազմի կողմից գնահատելը կարող է ճիշտ չընկալվել: «Ինձ թվում է, որ պատգամավորները իրենք պետք է սահմանեն նման կարգավորումներ՝ գործուղումներից հետո ներկայացնել հաշվետվություն: Ձեր ասած մոտեցումը շատ կարևոր եմ համարում կիրառել աշխատակազմի մասով», -հավելեց Գալստյանը:

  • Կիսվել: