երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Այս տարի 17-րդ անգամ տեղի կունենա ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը

Այս տարի 17-րդ անգամ տեղի կունենա ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը

2021թ.-ի նոյեմբերի 16-ին, ժամը 13:00-ին Երևանի Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի»  մրցանակաբաշխության 30 հաղթող ուսանողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են «Հայաստան» հիմնադրամից։

 

ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը հիմնվել է 2005թ․-ին՝ Սինոփսիս Արմենիա ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի հիման վրա։

 

Առաջնորդվելով «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով՝ մրցանակաբաշխության հիմնական նպատակը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է: Մրցանակները շնորհվում են այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ինչպես նաև ակտիվ են համայնքային ծրագրերում:

 

«ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հովանավորը Սինոփսիս Արմենիա ընկերությունն է։

«Նախաձեռնելով այս մրցանակաբաշխությունը մենք նպատակ ունեինք խանդավառել երիտասարդներին ընտրելու ՏՏ ոլորտը և շարունակելու ճարտարագիտական գերազանցության ավանդույթները Հայաստանում»- ասում է Սինոփսիս ընկերության Գլխավոր գործադիր համանախագահ՝ Դր․ Չի-Ֆուն Չանը և շարունակում՝  «Կրթական պարգևը նաև շարժառիթ է Հայաստանի երիտասարդության համար խորացնելու իրենց գիտելիքներն այս բնագավառում և իրենց ներդրումն ունենալու Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանը»։

««ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը» «Հայաստան» համահայկական հիմնադրամի բազմաբնույթ և տարբեր ձևաչափերով իրականացվող ուրույն ծրագրերից է, որով Հիմնադրամը նպաստում է  Հայաստանի երիտասարդության ներուժի բացահայտմանն ու ՏՏ ոլորտի զարգացմանը։  Այսօր առավել քան կարևորվում է մասնավոր, պետական և հասարակական կառույցների միջև համագործակցությունը՝ միտված երկրի տնտեսության հզորացմանն ուղղված ջանքերի միավորմանը, – ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է 102 ուսանող հետևյալ ԲՈՒՀ-երից.

  • Երևանի պետական համալսարան (ԵՊՀ),
  • Հայաստանի ազգային պալիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ),
  • Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ),
  • Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան (ՀՌՀ),
  • Եվրոպական համալսարան (ԵՀ),
  • Հայաստանի պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)

Մասնակիցները մրցել են հետևյալ անվանակարգերում՝

  • Գլխավորմրցանակ «Գրան Պրի» ($1200-ին համարժեք ՀՀ դրամ)
  • Լավագույնասպիրանտ (I կարգ՝ $1000-ին համարժեք ՀՀ դրամ, II կարգ՝ $750-ին համարժեք ՀՀ դրամ)
  • Լավագույնմագիստրանտ (I կարգ՝ $750-ին համարժեք ՀՀ դրամ, II կարգ՝ $-500-ին համարժեք ՀՀ դրամ)
  • Լավագույնբակալավր (I կարգ՝ $-500-ին համարժեք ՀՀ դրամ, II կարգ՝ $400-ին համարժեք ՀՀ դրամ)
  • Լավագույնսփյուռքահայ մասնակից (I կարգ՝ $750-ին համարժեք ՀՀ դրամ, II կարգ՝ $500-ին համարժեք ՀՀ դրամ)

«Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», և «Լավագույն բակալավր» անվանակարգերում պարգևները նախատեսված են յուրաքանչյուր կրթական հաստատության համար:

Ի դեպ, մի քանի տարվա ընդմիջումից հետո այս տարի ունենք «Գլխավոր մրցանակ»-ի հաղթող։

Մինչ այսօր 378 ուսանող արժանացել է «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի»։

Ուշագրավ է, որ «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հաղթղները 2008թ․-ին հիմնել են «Հաղթողների ակումբ», որի անդամներից շատերն այսօր Հայստանի բիզնեսի և գիտության առաջատարներ են, ՏՏ ոլորտի ստարտափերի հիմնադիրներ։

2021թ.-ի «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հանձնաժողովի կազմը՝

Հանձնաժողովի նախագահ` Հովիկ Մուսայելյան

Հանձնաժողովի անդամներ` Արմեն Բալդրյան, Իրինա Դումանյան, Բագրատ Ենգիբարյան, Աիդա Խաչիկյան, Սամվել Կարաբեկյան, Վարուժան Մասարաջյան, Դավիթ Սահակյան, Արմեն Օրուջյան

Հանձնաժողովի քարտուղար` Վազգեն Մելիքյան:

***

ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։

  • Կիսվել: