հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այս տարածաշրջանում ապրելու ենք հազարամյակներով․ Հայաստանը և Արցախը պետք է շենացնենք․ Փաշինյան

Այս տարածաշրջանում ապրելու ենք հազարամյակներով․ Հայաստանը և Արցախը պետք է շենացնենք․ Փաշինյան

Հայաստանի երկարաժամկետ ծրագիրը պետք է լինի ոչ թե պատերազմը, երկարաժամկետ ծրագիրը պետք է լինի խաղաղությունը: Այս մասին Արմավիրի մարզի համայնքների բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երկարաժամկետ ծրագիրը պետք է լինի, որ մենք պետք է այլ հայացքով, այլ տեսակետից և այլ դիտանկյունից նայենք մեր տարածաշրջանին: Մեր կանխավարկածը և պատմությունն այն է, որ մենք տարածաշրջանում ունենք բազմաթիվ թշնամիներ: Բայց եթե մենք տարածաշրջանում ունենք բազմաթիվ թշնամիներ, դա նշանակում է, որ բազմաթիվ ուրիշները մեզ համարում են իրենց թշնամի: Ինչքան իրենք են մեզ համարում թշնամի, այնքան մենք ենք իրենց ավելի շատ համարում թշնամի: Եվ այս փոխադարձ թշնամական դոզայի մեծացումը բերում է ճգնաժամերի: Այո՛, մենք պետք է կարողանանք վերանայել տարածաշրջանը, տարածաշրջանի մեր գնահատականը, մեր դիրքը, մեր կեցվածքը տարածաշրջանում, իհարկե՝ նաև քաջալերելով և ամեն ինչ անելով, որպեսզի ուրիշները նույնպես այդպես վարվեն: Որովհետև եթե միայն մենք այդպես վարվենք, դրանից ոչ մի բան չենք շահի»,- շեշտել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կարողանա հասնել նրան, որ ընդհանուր առմամբ տարածաշրջանում մթնոլորտի փոփոխություն տեղի ունենա: «Եվ մենք, այո՛, այս տարածաշրջանում ապրել ենք հազարամյակներով և այս տարածաշրջանում ապրելու ենք հազարամյակներով: Եվ մենք այս տարածաշրջանում մեր հայրենիքը, Հայաստանը և Արցախը պետք է շենացնենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: