կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Այս փուլում պիտի Ասլանյանին կալանավորելու միջնորդություն ներկայացվեր, որովհետեւ միջամտություն է իրականացվում ընտրությունների ընթացքին. պաշտպան

Այս փուլում պիտի Ասլանյանին կալանավորելու միջնորդություն ներկայացվեր, որովհետեւ միջամտություն է իրականացվում ընտրությունների ընթացքին. պաշտպան

Այսօր լրագրողների հետ զրույցում «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, անդրադառնալով Ասլանյանին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության քննությանը, ասաց, որ մեղադրանքն ակնհայտ ապօրինի է:

Նա նշեց, ՛՛Քննիչը չկարողացավ հիմնավորել, որ մեղադրանքները հիմնավոր են եւ, առնվազն, հիմնավոր կասկածի շեմը հաղթահարում են, լավագույն քննիչն անգամ դա չէր կարող անել: Այն արարքները, որոնք մեղսագրվում են Մամիկոն Ասլանյանին, հանցագործություն համարվել ուղղակի չեն կարող՝ նա օրենքով սահմանված կարգով է գործել՝ իր լիազորությունների շրջանակում եւ օրենքի տառին համապատասխան:

Այս հարցը բարձրացվել է նաեւ դատարանի առջեւ՝ ոչ միայն ասել ենք, որ հիմնավոր կասկածը բացակայում է, այլ անդրադարձել ենք նաեւ այն հարցին, թե ինչու հատկապես պետք է այսօր քննարկվեր այս հարցը՝ իմանալով, թե ընտրություններում որ փուլին են հասել, եւ որ էական նշանակություն ունի Մամիկոն Ասլանյանի մասնակցությունը համայնքապետի ընտրություններում՛՛:

Սահակյանը հավելեց նաեւ, որ ակնհայտ է, որ այս փուլում պետք է նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվեր, որովհետեւ ՛՛ակնհայտ միջամտություն է իրականացվում ընտրությունների ընթացքին՛՛: 

՛՛Դատարանի առջեւ դրված գլխավոր խնդիրը հետեւյալն է՝ այսօր կալանավորելով Մամիկոն Ասլանյանին՝ ինքը գնում է ժողովրդի իշխանության դեմ: Արդյո՞ք ժողովրդի իշխանության դեմ կգնա դատարանը, թե ոչ, եւ արդյո՞ կատարելու է իշխանության պատվերը, թե ոչ, մենք դեռ կտեսնենք: Համենայն դեպս, այս դատավորի գիտելիքներն ու սկզբունքայնությունը, կարծում են, բավարարում են, որպեսզի կարողանա օրինական դատական ակտ կայացնել, որը մեկն է միայն՝ կալանավորման միջնորդությունը պետք է մերժվի՛՛,-ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ երեկ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը Քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

  • Կիսվել: