Այս փոքր տարածքի վրա կարողացել ենք հայրենիք կառուցել. պաշտպանել է պետք ամեն գնով. Ռուստամ Բաքոյան
Ես ուզում եմ խոսել որպես մի ժողովրդի ժառանգ, որն իր պետականությունն է կորցրել, հայերի մեծ երկրի փոքր տարածքի վրա Հայաստանի Հանրապետություն ենք միասին կառուցել: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց իմքայլական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր տարածքային ամբողջականությունը վտանգված է, իսկ մենք արտաքին թշնամուն թողած՝ ներսում իրար հետեւից ենք ընկել: Այսպես միասնականություն չի լինում:
Մենք խնդիր ունենք արտաքին թշնամու հետ: Եթե մենք վատ կառավարիչներ ենք, եկեք արտաքին թշնամու խնդիրը լուծենք, վերադարձեք մեզ, քննադատեք:
Ասում են՝ հայրենիքի այդ հատվածը իմն է, ես այնտեղ եմ ապրում: Հայրենիքի ամեն մի հատվածը ես եմ: Այս հողի համար արյուն է թափվել: Ես այս երկրի ծնունդն եմ, թող ոչ մեկը չասի՝ Սյունիքը իմն է, քոնը չէ, թող ոչ մեկը չասի՝ Գեղարքունիքն իմն է, քոնը չէ: Գեղարքունիքը ես եմ, Սյունիքը ես եմ, Լոռին ես եմ, Գյումրին ես եմ: Պետք չէ տարանջատել: Հիմա ունենք արտաքին թշնամի ու ներսում իրար բաժանում ենք:
Վերադարձեք մեզ, բայց երբ որ արտաքին թշնամու խնդիրը լուծած կլինենք: Այս փոքր տարածքի վրա կարողացել ենք հայրենիք կառուցել, այս հայրենիքը պահպանել, պաշտպանել է պետք ամեն գնով: Երեք կմ են եկել, հետ են շպրտվելու ու գնալու, մենք նոր պատերա՞զմ ենք ուզում: Ինչու՞ ենք հրահրում, որ պետք է դրանց արագ սատկացնել: Նուրբ ժամանակաշրջան ենք ապրում ու այս ժամանակաշրջանում միասնական ու սառնասիրտ գտնվենք՛՛: