Այս պահին ակտուալ է ու լուծման կարիք ունի մեր 62 գերիների հարցը. Շիրակի մարզպետ
Իմ թիմը Շիրակի մարզն է, մարզի բոլոր այն գրագետ, գործունյա մարդիկ, որոնք պատրաստ են մարզի զարգացման համար աշխատել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանը՝ ընդգծելով, որ ինքը ՛՛կադրային ջարդի՛՛ կողմնակից չէ:
՛՛Ես չունեմ նախապատրաստած կադրերի բանակ: Ինչ վերաբերում է հետագա փոփոխություններին, դրանք լինելու են պատճառաբանված: Եթե կա մարդ, ով իր աշխատանքը լավ է կատարում, պետք է աշխատի, եթե կան մարդիկ, որոնք անգամ չեն մոտիվացվում, որ երկիրը պետք է հզորացնել, ուրեմն պետք է հեռացվեն՛՛,-նշեց մարզպետը:
Նա անդրադարձավ մարզի առաջնային խնդիրներին և առանձնացրեց գերիների հարցը: Հարությունյանն ասաց. ՛՛Այս պահին ակտուալ է ու լուծման կարիք ունի մեր 62 գերիների հարցը: Ամենօրյա ռեժիմով այդ հարցով զբաղվում են այն մարդիկ, ովքեր կարող են այդ հարցի մեջ ունենալ ներդրում, կամ կարող են լուծման առաջարկներ ներկայացնել: Մոտեցումը մեկն է՝ գերիները պետք է հնարավորության դեպքում ժամ առաջ վերադառնան: Հարցը քննարկվում է ամենաբարձր մակարդակներում՛՛:
Անդրադառնալով այս դժվարին ժամանակներում Շիրակի մարզպետ նշանակվելու առաջարկի ընտրությանը՝ Հովհաննես Հարությունյանը տեղեկացրեց, որ աշխատանքի դժվարության բարդությունը գիտակցելով է այն ընդունել: «Ես գիտակցում և պատկերացնում էի գործի ծանրությունը, և հենց պատկերացնելով էլ համաձայնվել եմ այս պաշտոնում աշխատել»,-նշեց մարզպետը: