ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այս որոշումը էականորեն նվազեցնելու է անվտանգային ռիսկերը․ Փաշինյանը մեկնաբանում է երեկվա հայտարարությունը

Այս որոշումը էականորեն նվազեցնելու է անվտանգային ռիսկերը․ Փաշինյանը մեկնաբանում է երեկվա հայտարարությունը

Սա ձեռքբերում է եւ Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ նաեւ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է Հայաստանի համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված արձանագրությանը:

«Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանը արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը: Հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվել, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը: Սա կարեւոր նրբություն է, որովհետեւ գիտեք, որ 1988-1991 թվականներին որոշակի շարժեր են եղել, իրադարձություններ են եղել: Այս քննարկումների ժամանակ առանցքային բանավեճերից մեկը նա էր, թե ինչպես ձեւակերպել, որ հենց նկատի առնվի ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանների վերարտադրման փաստը:

Ես ուզում եմ  նաեւ արձանագրել, որ այս իրադարձությունը համարում եմ անկյունաքարային մեր ինքնիշխանության, անկախության, զարգացման  հաջորդ փուլի համար: Այս անկյունաքարի շուրջ մենք պետք է կարողանանք կառուցման, ստեղծման գործընթացն իրականացնել»,-ասաց նա՝ հավելելով, որ այս որոշումը էականորեն նվազեցնելու է անվտանգային ռիսկերը, որը մենք ունենք ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով:

«Մենք հիմա պայմանավորվել ենք սահմանի այս հատվածի վերաբերյալ, բայց նաեւ հիմնարար սկզբունք ենք որդեգրել սահմանազատման հետագա ողջ գործընթացի համար, ինչը նշանակում է, որ բոլոր վիճահարույց հարցերը արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն նստել եւ բանակցային սեղանի շուրջ լուծել»,- ընդգծեց վարչապետը:

 

  • Կիսվել: