Այդ հողը պատկանելու է ՀՀ–ին, 99 տարվա մասին խոսակցություններն առայժմ իրականության հետ որեւէ աղերս չունեն. Միրզոյան
Մենք հասանելիություն ենք ստանալու Ադրբեջանի ենթակառուցվածքների նկատմամբ, բնականաբար Ադրբեջանը հասանելիության է ստանալու մեր ենթակառուցվածքների նկատմամբ, այդ թվում Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ են ստանալու կապվելու Նախիջևանի հետ, փոխադարձաբար Հայաստանի համար առավելություններով միջազգային և ներպետական տրանսպորտային շարժ է լինելու։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ենթակառուցվածքների բացումից առաջ պետք է լինի սահմանազատում, պետք է այս կողմից դրվի ՀՀ դրոշը, այն կողմից Ադրբեջանի դրոշը, կառուցվի ինչ-որ սահմանային անցակետ, պետք լինեն սահմանային ծառայություններ, սա լինելու է 2 երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակում, պայմանավորվել ենք այն ինչ գրված է»:
Նախարարի խոսքով՝ այն հողը, որով անցնելու է ենթակառուցվածքը ՀՀ տարածքում, որից օգտվելու են, օրինակ, ադրբեջանական գնացքները, պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։
«99 տարվա մասին խոսակցություններն առայժմ իրականության հետ որևէ աղերս չունի։ Հողի սեփականությունը չի կարող վիճարկվել: Ինչու եմ ասում առայժմ, որովհետև այն, ինչ հստակ է, գրված-հրապարակված է, մնացած մանրամասները դեռ պետք է քննարկվեն»,- ասել է Միրզոյանը՝ շեշտելով, որ հողի սեփականության հարցը չի կարող վիճարկվել։
Ըստ Միրզոյանի՝ թաքնված ու անթաքույց մրցակցություն կա հիմա աշխարհում. յուրաքանչյուր պետություն ձգտում է, որ հենց իր երկրի տարածքով անցնեն տարբեր տարանցիկ ուղիներ, նավթամուղներ, մալուխներ։
«Մենք հիմա հնարավորություն ունենք մաս լինելու այդ ամենի։ Մեզ պետք է, որ այդ ամենը լինեն մեր տարածքում, քանի որ տնտեսապես դա մեզ համար չափազանց շահավետ է, ինչպես նաև դրանց բացումը կամ վերակառուցումը մեզ համար հավելյալ ու շատ լուրջ, և կուզեք` շատ ավելի լուրջ, քան ռազմական առումով, անվտանգային երաշխիք են տալիս, նաև ներդրումներ են»,-ընդգծել է ԱԳ նախարարը։
Նրա խոսքով` ենթակառուցվածքները կապաշրջափակվեն հետևյալ սկզբունքների ներքո՝ տարածքային ամբողջականության, այդ թվում՝ սահմանների անձեռնմխելիության, երկրների ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում և փոխադարձությամբ։
«Բոլոր անհրաժեշտ երաշխիքներն արձանագրված են։ Մինչև ենթակառուցվածքների բացումը պետք է լինի սահմանազատում, կառուցվի սահմանային անցակետ, երկու կողմից տեղադրվեն պետական դրոշները»,-նշել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը օգոստոսի 8–ի ասուլիսի ժամանակ էր հայտարարել, որ ԱՄՆ–ն վարձակալում է 99 տարով ճանապարհը։


