երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Այցելեցի «Երևանտրանս» ընկերություն». Հայկ Մարությանը «գտնվեց»

«Այցելեցի «Երևանտրանս» ընկերություն». Հայկ Մարությանը «գտնվեց»

Այցելեցի «Երևանտրանս» ՓԲԸ, որտեղ ավարտին է մոտենում տրոնսպորտային նոր ցանցի պահանջներին համահունչ ավտոբուսների հավաքակայանի կառուցումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` մանրամասնելով.

«Հավաքակայանը կունենա նաև ավտոլվացման կետ, հանգստի սենյակներ, ճաշարան եւ այլն: Դեկտեմբերին արդեն ավտոբուսների նոր պարկը պատրաստ կլինի:

Այնուհետ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի հետ զրուցեցինք ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:

Մեկնեցինք նաեւ մետրոպոլիտեն եւ ծանոթացանք մեր կարեւորագույն տրանսպորտային կառույցի աշխատանքների որոշ մանրամասների»:

Նշենք, որ երեկ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրապարակել էր այն ընկերությունների անունները, որոնք «ԿամԱԶ»-ներ ու այլ գույք էին նվիրել Երևանի քաղաքային իշխանությանը աղբահանություն իրականացնելու նպատակով, ինչը սակայն գաղտնի էր պահվում: Ընկերությունների մեջ էր գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող հայտնի «Ալեքս Գրիգ»-ը` չնայած որ թե քաղաքապետարանը, թե անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանը հերքել էին, որ Ալեքսանյանը բեռնատար է նվիրել քաղաքապետարանին: Թեման մեծ աժիոտաժ էր առաջացրել լրատվական դաշտում և Հակոբ Կարապետյանը երեկ հանդես եկավ ասուլիսով ու ներկայացրեց նվիրատվությամբ ստացված գույքի վերաբերյալ տեղեկատվություն: Ասուլիսին Հայկ Մարությանը ներկա չէր. պարզվեց նա մեկնել է արձակուրդ: Թե որտեղ է քաղաքապետը մեկնել արձակուրդ ու ինչ նպատակով, մամուլի խոսնակը չպարզաբանեց:

  • Կիսվել: