շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ավտոճանապարհների բացման մասին Հայաստանը նույնպես առաջարկություններ է արել Բաքվին, բայց դեռևս պատասխան չի ստացել. Երևանը պատասխանեց Բայրամովի հայտարարություններին

Ավտոճանապարհների բացման մասին Հայաստանը նույնպես առաջարկություններ է արել Բաքվին, բայց դեռևս պատասխան չի ստացել. Երևանը պատասխանեց Բայրամովի հայտարարություններին

Սահմանազատման գործընթքացում Հայաստանի Ադրբեջանին և Ռուսաստանին ներկայացրած առաջարկները «պայման», «նախապայման» անվանելը, ապա դրանց վերաբերյալ բարոյական, քաղաքական, իրավական գնահատականներ հնչեցնելը ոչ մի տրամաբանական կապ չունի այդ գործընթացի հետ:

Այս մասին նորից հիշեցրեց է Հայաստանի Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը առ այն, որ «հայկական կողմը նախապայմաններ է առաջ քաշում սահմանազատման գործընթացում՝ ընդգծելով, որ Հայաստանը չունի նման իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք»:

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրած հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործընթացը տանել դեպի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձեւավորում:

Երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարությունից բխում է, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը և դրանց իրագործումը: Սա տրամաբանական է նաև այն պատճառով, որ դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ:

Հայաստանի Հանրապետությունը, իրապես շահագրգռված լինելով պայմանավորվածությունների լիարժեք իրագործմամբ, դրանց իրականացման իր պատկերացումներն է ձեւակերպել:
Ադրբեջանական կողմը որևէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ:

Հայաստանի առաջարկները «պայման», «նախապայման» անվանելը, ապա դրանց վերաբերյալ բարոյական, քաղաքական, իրավական գնահատականներ հնչեցնելը ոչ մի տրամաբանական կապ չունի վերը նշված գործընթացի հետ»,- նշել է Հունանյանը:

Արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարի մեկ այլ պնդման առ այն, որ «Հայաստանը վիժեցրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը», Հունանյանը նշել է. «Եթե նկատի է առնվում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Եռակողմ աշխատանքային խումբը, զավեշտալի զուգադիպությամբ նույն օրն առավոտյան տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգման գործնական քայլերի փուլում է և աշխատանքային խմբի հայաստանյան համանախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 2-ին Երեւանում այս թեմայով առարկայական քննարկում է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ:

Վարչապետ Փաշինյանը գնահատելով իրադրությունը հայտարարեց, որ Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի առաջին արդյունքների արձանագրումը շատ մոտ է թվում: Այս համատեքստում Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները առնվազն տարօրինակ են և հույս ունենք երկաթուղու վերագործարկման հարցում Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարում չեն նշանակում: Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը ձեռքբերված պայմանավորվածություններին, որի մասին ՀՀ վարչապետը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է:

Նշենք նաև, որ ավտոճանապարհների բացման մասին նույնպես Հայաստանը առաջարկություններ է արել ադրբեջանական կողմին: Այդ առաջարկություններին մինչեւ օրս որեւէ պատասխան ադրբեջանական կողմից չի հնչել: Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել այդ առաջարկների իրագործումը»:

  • Կիսվել: