հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ավագանու օրակարգում էլ են չզեկուցվող հարցեր ընդգրկում. «Հրապարակ»

Ավագանու օրակարգում էլ են չզեկուցվող հարցեր ընդգրկում. «Հրապարակ»

 «Հրապարակ օրաթերթը» գրում է․ Երեկ Երեւանի ավագանու որոշմամբ, քաղաքապետարանի նոր վարչություն են ստեղծել՝ «թեժ գծի» վարչություն։ Նախկինում քաղաքապետարանում եղել են քաղաքացիների սպասարկման բաժին եւ թեժ գիծ՝ քարտուղարության ենթակայությամբ գործող, որտեղ 5 աշխատող կար, իսկ նոր վարչությունը կունենա 12 աշխատակից, վարչության պետ։

Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը մեզ ասաց․ «Մենք ունեցել ենք քաղաքացիների սպասարկման բաժին, մեկ պատուհան, եւ ունեցել ենք թեժ գիծ, որը, եթե չեմ սխալվում, քարտուղարության ենթակայության տակ է եղել, այսինքն՝ հաստիքացուցակը ցրված է եղել։ Այսինքն՝ քաղաքացիներին սպասարկող մարմինը, որը թվում է, թե մեկը պիտի լիներ՝ մեկ պատուհան, տարբեր տեղ են եղել հաստիքացուցակների մեջ, հիմա միավորվել են, ինչ-որ բաներ փոխվել են, բայց կա մի բաժին, որը ե՛ւ թեժ գիծը կսպասարկի, ե՛ւ մեկ պատուհանը, ե՛ւ փաստաթղթաշրջանառության հետ կապված որոշ հարցեր»: Խաժակյանին հարցրինք․ իսկ ի՞նչն է պատճառը, որ հարցն ավագանու նիստում չի զեկուցվել․

«Դա քաղաքապետն է որոշում, թե օրակարգ բերելիս որ հարցը լինի զեկուցվող, որը՝ չզեկուցվող, բայց մենք այս ընթացքում առնվազն 2 շնորհանդես ենք ունեցել՝ թեժ գծի նոր համակարգի վերաբերյալ, այսինքն՝ ավագանու անդամներին հրավիրել են քննարկման ու ներկայացրել են։ Գուցե դա չզեկուցվող է եղել, որովհետեւ համարել են, որ աշխատանքային ֆորմատով արդեն քննարկված է, իմաստ չունի մի հատ էլ հրապարակային քննարկել։ Սա իմ ենթադրությունն է։ Չզեկուցվող հարցերն էլ նոր են ավելացվել, նախկինում չկային, հիմա այն հարցերը, որոնք քննարկված են եւ առանձնապես իմաստ չունի զեկուցել, հարց-պատասխան անել, ժամանակ ծախսել, ներդրել ենք այդպիսի հնարավորություն, բայց, բնականաբար, այն մտքով, որ դա չչարաշահվի, ու բովանդակային հարցերը դրա տակ չթաքցնեն։ Դրա համար մեխանիզմ կա, որ եթե ինչ-որ մի հարցի չզեկուցվող լինելուն դեմ ես, կարող ես դա ավագանու նիստի օրակարգի սկզբում դնել քվեարկության»,- պատասխանեց Խաժակյանը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

  • Կիսվել: