հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Աշխատանքային քննարկումների ժամանակ մենք Ադրբեջանից «միջանցք» բառ չենք լսել. Փաշինյան

Աշխատանքային քննարկումների ժամանակ մենք Ադրբեջանից «միջանցք» բառ չենք լսել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե աշխատանքային մակարդակում երբեք Ադրբեջանից միջանցք արտահայտություն չեն լսել: Այս մասին նա այսօր ասաց ասուլիսի ժամանակ:

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն ակնհայտորեն Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում։

Նա ասաց. ՛՛Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունն է, անունը դրել են ՛՛Զանգեզուրի միջանցք՛՛ ու ասում են՝ եթե միջանցք չտաք, մենք պատերազմով միջանցքը կստանանք: Այս փաստը պետք է դնենք միջազգային հանրության աչքի առաջ՛՛:

Ապա վարչապետը հավելեց. ;;Ի՞նչ է նշանակում Զանգեզուրի միջանցք, ի՞նչ է նշանակում Արևելյան Զանգեզուր։ Այդ ովքե՞ր են այդ տերմինները հորինում, և ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ է նշանակում ՛՛միջանցքային՛՛ տրամաբանություն։ Մենք նախկինում հայտարարել ենք, հիմա էլ հայտարարում ենք, որ ՛՛միջանցքային՛՛ տրամաբանության հարց չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու, ինչը չի նշանակում, թե որևէ կերպ մենք հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգից։

Ես չեմ կարող թաքցնել և ուղիղ պետք է ասեմ, որ, ընդհակառակը՝ Հայաստանն է գուցե ավելի շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն։ ՛՛Միջանցքային՛՛ տրամաբանությունը, իմ կարծիքով, Ադրբեջանը զարգացնում է հենց տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար։ Բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Ադրբեջանին չհաջողվի տարածաշրջանային կոմունիկացիաների թեման հանել օրակարգից՛՛,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ այն ինչ անում է Ադրբեջանը, հարձակում է նրա և նրան քաջալերող երկրների կողմից ՀՀ ինքնիշխանության, պետականության, անկախության ու նաև ժողովրդավարության վրա։

՛՛Այս հարցը պատրաստվում ենք հետապնդել միջազգային բոլոր հնարավոր հարթակներում»,- ասաց Փաշինյանը։

Հարցին՝ կա՞ արդյոք պատերազմի վտանգ, վարչապետը պատասխանեց․ ՛՛Կա Ադրբեջանի ագրեսիվ պահվածք, որը պետք է զսպվի, այդ թվում՝ միջազգային լծակներով։ Միաժամանակ, ուզում եմ ասել, որ չենք խուսափում ու չենք խուսափելու Ադրբեջանի հետ ուղիղ շփումներից։ Պաշտպանության նախարարին հանձնարարել եմ, որ ակտիվորեն այդ կոմունիկացիան օգտագործի, Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակի Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ՝ առաջարկելով, որ նույնն անի նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը, որպեսզի մենք տեսնենք՝ ով ինչպես է արձագանքում: Սրանից ավելի ակնհայտ կդառնա, թե ով է ավելի շահագրգիռ սադրանքների մեջ՛՛։

  • Կիսվել: