կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Արթուր Վանեցյանը և Հայկ Մամիջանյանը հանդիպել են ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացի հետ

Արթուր Վանեցյանը և Հայկ Մամիջանյանը հանդիպել են ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացի հետ

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը փետրվարի 28-ին հանդիպել են Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակության հետ:

Անդրադառնալով այցի նպատակներին՝ Ստեֆան Դիոնը նշել է, որ անցած հինգ տարիներին Կանադայի խորհրդարանական կենտրոնն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի հետ` նպատակ ունենալով աջակցել Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարության զարգացմանը: Կառույցն աշխատել է խորհրդարանում` մշակելու համար մի ռազմավարական ծրագիր, որի կիրառման արդյունքում կբարելավվեն աշխատակազմի պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքի արդյունավետությունը:

«Արդյոք նպատակահարմա՞ր  է համարում «Պատիվ ունեմ» խմբակցությունը ծրագիրը շարունակելը, և ի՞նչ խնդիրներ են տեսնում»,-հետաքրքրվել է դեսպանը: Նա կարևորել է այդ հարցում խմբակցության կարծիքն ու օժանդակությունը:

Այս համատեքստում Ստեֆան Դիոնը նշել է. «Մեծ նվաճում կլինի մեզ համար, եթե Կանադան կարողանա աջակցել Հայաստանի խորհրդարանին,  որպեսզի նրա աշխատակազմի գործունեությունը լինի մասնագիտական բարձր մակարդակի վրա և անաչառ»:

Արթուր Վանեցյանը տեղեկացրել է, որ կարևոր է համարում ցանկացած ծրագրի իրականացում,  որը կարող է նպաստել երկրի  ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը:

 

Խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանի խորհրդարանի՝ ոչ սովորական պայմաններում ձևավորված լինելու հանգամանքին,  մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների խախտումներին:  Նրա գնահատմամբ՝  ժողովրդավարական  ինստիտուտները Հայաստանում կամ չեն գործում, կամ գործում են յուրովի:

  • Կիսվել: