Այնտեղ որևէ բովանդակություն չկա․ Ավինյանը չցանկացավ մեկնաբանել Վանեցյան - իշխանություն բանավեճը
Որեւէ կերպ չեմ գնահատում, քաղաքականապես որեւէ կարեւորություն չեմ տալիս այս բանավեճին, որովհետեւ այն ուղղակի բովանդակություն չունի: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ հեռակա բանավեճին:
Ավինյանը նաև դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ինչ շահ ուներ Վանեցյանը, որ ըստ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, միջնորդել էր նրան զերծ մնալ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին քննադատություններից։ «Կդժվարանամ մեկնաբանել պարոն Վանեցյանի շահերը որտեղ են եղել եւ ինչում են կայացել, բայց կարծում եմ՝ պարոն Սիմոնյանը բավական մանրամասնորեն անդրադարձել է իր հարցազրույցում այդ հարցին»:
Ինչ վերաբերվում է պետական հեղաշրջման փորձի մասին խոսակցություններին, փոխվարչապետն ասաց. «Կդժվարանամ գնահատականներ տալ, բայց այն փաստը, որ պարոն Վանեցյանն այլեւս ԱԱԾ տնօրեն չէ, բավականին խոսուն է»: