չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արթուր Ղազինյանին հիշեցրին Ռուսաստանի մասին կոշտ հայտարարությունը

Արթուր Ղազինյանին հիշեցրին Ռուսաստանի մասին կոշտ հայտարարությունը

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար առաջադրվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հարցեր են ուղղում Ղազինյանին։ Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հիշեցրեց Ղազինյանի՝ ավելի վաղ հայ-ռուսական հարաբերությունների մասին հայտարարությունը։

«Դուք ասել եք, մեջբերում եմ` «․․․իրավիճակը փոխվեց 2010-2011 թվականների ընթացքում, երբ Ռուսաստանը որոշեց ահռելի քանակությամբ և միջազգային տարբեր կոնվենցիաներով չխրախուսվող զենք մատակարարել Ադրբեջանին։ Երբ ասում էինք, որ սա դավաճանություն է Ռուսաստանի կողմից ՀՀ նկատմամբ, քանի որ Ադրբեջանը որևէ այլ պետության հետ խնդիր չունի, և այդ զենքը կրակելու այլ ուղղություն, քան Հայաստանը, ուղղակի չկա, մեզ ասում էին, որ՝ եթե մենք չվաճառենք, ապա դա ուրիշներից կգնեն։ Հանուն ինչի՞, հանուն ո՞ւմ ենք զոհաբերել մեր ինքնիշխանությունը, երբ լինելով ՀԱՊԿ անդամ, լինելով ԵԱՏՄ անդամ՝ մասնակցել ենք Ռուսաստանի կողմից հորինված և մեռելածին բոլոր միջազգային կազմակերպություններին իրենց խնդրանքով ու պահանջով՝ զոհաբերելով մեր ինքնիշխանությունը հանուն անվտանգության»։ Եթե դուք զբաղեցնեք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, ինչպե՞ս եք հարաբերակցվելու ձեր կողմից դավաճան որակված դաշնակիցների հետ»,- Ղազինյանին հարցրեց Քրիստինե Պողոսյանը։

Ի պատասխան Արթուր Ղազինյանն ասաց․ «Երբ որ Ռուսաստանում որոշեցին 4 մլրդ դոլարի զենք վաճառել Ադրբեջանին, որպես ՀՀ քաղաքացի և հայ, ես այդ ժամանակ վրդովմունքի ալիք բարձրացրեցի։ Ես ինքս չէի կարողանում հասկանալ, թե Հայաստանը լինելով ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ՝ ինչպե՞ս կարող է Ռուսաստանն Ադրբեջանին այդքան զենք մատակարարել, որը տեսանք, թե որ ուղղությամբ կրակեց։ Եթե այսօր նորից որոշում կայացվի 4 մլրդ-ի զենք վաճառել Ադրբեջանին, և Հայաստանը մնա ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ ու այնտեղ գործուն մասնակցություն ունենա այդ երկու կազմակերպությունների աշխատանքին, ապա այդ պարագայում ես ևս այդ որոշումը կքննադատեմ ու հանդես կգամ դրա դեմ։ Ինձ համար ՀՀ ազգային ու պետական շահից որևէ այլ կարևոր շահ գոյություն չունի»։

  • Կիսվել: