ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արմեն Սարգսյանն ընդունել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուքուրջոն Զուխուրովին

Արմեն Սարգսյանն ընդունել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուքուրջոն Զուխուրովին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուքուրջոն Զուխորովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ննախագահ Սարգսյանը կարևոր է համարել Երևանի և Դուշանբեի միջև քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև երկու երկրների՝ ավանդաբար ջերմ հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ համագործակցության ներկայիս մակարդակը չի համապատասխանում առկա հնարավորություններին, և փոխգործակցության ներուժն իրականում շատ ավելի մեծ է: «Հին հարաբերություններն ու բարեկամությունը վաղը կամ մյուս օրն ավելի են գնահատվելու: Մենք պետք է լրջորեն օգտագործենք մեր ժողովուրդների բարեկամության հիանալի պատմությունը»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Տաջիկստանի խորհրդարանի նախագահը Հայաստանի նախագահին է փոխանցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նա վստահություն է հայտնել, որ Տաջիկստանի խորհրդարանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան արդյունավետ ներդրում կլինի երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորացման գործում: Զուխորովն ասել է, որ հետաքրքրված են տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմամբ: Նա նշել է, որ հայերը Տաջիկստանում բնակվում են շատ վաղուց և միշտ ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի պետական կառավարման համակարգում, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Նախագահ Արմեն Սարգսյանը որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ նշել է կրթությունը, նորագույն տեխնոլոգիաները, ֆինանսներն ու բանկային համակարգը, ինչպես նաև սննդարդյունաբերության ու սննդի անվտանգության ոլորտները: Ըստ նախագահ Սարգսյանի՝ ավելի մեծ բովանդակություն պետք է հաղորդվի համագործակցությանը մշակութային և հումանիտար ոլորտներին, մասնավորապես, անցկացվեն մշակույթի օրեր և իրականացվեն փոխանակման ծրագրեր:

Նախագահ Սարգսյանը հյուրերին ծանոթացրել է նաև նախագահական նախաձեռնություններին և դրանց շրջանակում համագործակցության հնարավորություններին:

Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուքուրջոն Զուխորովը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Հավաքական անվտանգության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին: 

 

 

  • Կիսվել: