ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արևմուտքը չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը․ Արա Աբրահամյան

Արևմուտքը չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը․ Արա Աբրահամյան

Արևմուտքը չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը կամ որևէ երաշխիք տալ: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես չեմ կարծում, որ ամերիկացիները կամ եվրոպացիները կարող են ապահովել Հայաստանի անվտանգությունը․․․ Եթե այդպիսի բան կա, թող ասեն։ Թող փաստաթուղթ ստորագրեն։ Ոչ թե ասեն «հանձնել Հայաստանը», այլ ստորագրեն, որ ամբողջ Եվրամիությունը երաշխիքներ է տալիս, ահա ապրանքների մատակարարման ժամանակացույցը, (ռազմական) բազաները և այլն։ Թող ասեն։ Այլ ոչ թե՝ «բլա-բլա»:

Ըստ Աբրահամյանի՝ մինչ այժմ Արևմուտքը սահմանափակվել է միայն Երևանի ռուսական ռազմաբազան փակելու կոչերով. «Երաշխիքներ լինում են այն ժամանակ, երբ ամեն ինչ լինում է հստակ ձևակերպված, հստակ ստորագրված, հստակ ասված ու հստակ գծագրված ճանապարհային քարտեզով։ Իսկ պարզապես խոսքերով… Ի՞նչ արդյունք։ Ուղարկեցին մի քանի տասնյակ դիտորդ ԵՄ-ից, հետո ի՞նչ։ Մինչդեռ ռուսական բազան ուղարկեց երեք հազար մարդ։ Իսկ նրանք ասում են՝ «նախ բազան հանեք, հետո կմտածենք՝ ինչ երաշխիք տալ»։ Արևմուտք, միթե՞ դուք չգիտեք դա»։

Աբրահամյանի կարծիքով՝ իրականում արևմտյան էլիտաներին հետաքրքրում է միայն հակառուսական քաղաքականությունը և տարբեր երկրների ղեկավարների հայտարարությունները, սակայն Արևմուտքը ոչինչ չի կարող տալ փոխարենը։

Ըստ նրա՝ ո՛չ Ուկրաինային, ո՛չ Մոլդովային, ո՛չ Վրաստանին չեն ընդունում Եվրամիություն, չնայած այն հանգամանքին, որ նրանց ղեկավարները տարբեր ժամանակներում հակառուսական քաղաքականություն են վարել։ Նա հավելել է, որ Թուրքիային նույնպես չեն ընդունում այնտեղ՝ չնայած երկար տարիների սպասմանը։

«Դուք կարծում եք, թե ինչու են նրան (Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին) այնտեղ (Արևմուտքում) ընդունում, ինչի՞ համար։ Մի՞թե նա ինչ-որ բան է իրենից ներկայացնում։ Նրան պարզապես պետք է ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ։ Ցանկացածին կընդունեն, այդ թվում՝ ինձ, բայց կասեն՝ «արի՛, հանդես արի՛ (Ռուսաստանի դեմ)»։ Ես հույս ունեմ, որ սա կփոխվի, բայց այսօր Եվրամիության համար Ռուսաստանի դեմ հանդես գալը սուրբ գործ է»,-ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավարը:

  • Կիսվել: