շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արևմուտք գնալու դեպքում Երևանը Մոսկվայի նման թշնամի կունենա, դեպի ՌԴ՝ նշանակում է ՀՀ կորուստ. Գագիկ Մելքոնյան

Արևմուտք գնալու դեպքում Երևանը Մոսկվայի նման թշնամի կունենա, դեպի ՌԴ՝ նշանակում է ՀՀ կորուստ. Գագիկ Մելքոնյան

Հայաստանն այժմ կանգնած է ընտրության առջև՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, Երևանը պետք է կողմնորոշվի՝ իր անվտանգային խնդիրները որ դեպքում ինչ կերպ կլուծվեն, հայտարարում է իշխող խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, գրում է Ազատությունը:  

Ըստ նրա՝ Հայաստանն ինչ-որ պահի այդ ընտրությունը պետք է կատարի։

«Լավրովն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի, Արևմուտքն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի։ Հիմա գնացիր դեպի Արևմուտք, Ռուսաստանի նման թշնամի ես ունենալու, գնացիր դեպի Ռուսաստան, դա նշանակում է Հայաստանի կորուստ՝ իր տարածքներով, Հայաստանի անկախությունը վերացնում եք, որովհետև վերջը մենք գիտենք՝ այնտեղ ինչ է, երբ մեզ առաջարկում են մտնել ռուս-բելառուս կազմ՝ դաշինք, դա արդեն Հայաստանի վերջն է», - ասաց «Քաղաքացիական պայմանագրի» անդամը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ացնած շաբաթ չբացառեց՝ Հայաստանը կարող է նաև դե յուրե սառեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Կազմակերպության վերաբերյալ Երևանից հնչող գնահատականներին շաբաթավերջին արձագանքեց նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Անթալիայի դիվանագիտական ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովն ընդգծեց՝ հետևում են Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և և հետևություններ կանեն սեփական գործնական քայլերը պլանավորելիս: Լավրովի խոսքով՝ ժամանակն է, որ Հայաստանը կողմնորոշվի ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի շուրջ:

Հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման ֆոնին Երևանը խոսում է ոչ միայն ՀԱՊԿ-ին անդամակցությունը դե յուրե սառեցնելու մասին, այլև կասկածի տակ է դնում երեք տասնամյակից ավելի Հայաստանի սահմաններին տեղակայված ռուս սահմանապահների գործունեության արդյունավետությունը: Նրանք բացի հայ-ռուսական պայմանագրով սահմանված գործառույթներից, 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ տեղակայված են նաև հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում, ընդ որում՝ առանց հստակ իրավական հիմքերի և մանդատի:

Երևանը ոչ այս, ոչ էլ ՀԱԿՊ-ից դուրս գալու հարցով դեռ որոշում չունի, վստահեցնում է իշխանական պատգամավորը: Միևնույն ժամանակ Գագիկ Մելքոնյանը չի բացառում՝ եթե Հայաստանը շարունակի այժմյան քաղաքականությունը, կհեռացվի Մոսկվայի առաջնորդած դաշինքից:

«Այդ ամեն ինչը քննարկվում է, այդ քննարկումից հետո կերևա՝ իրե՞նք են մեզ դուրս հանելու, թե՞ մենք ենք դուրս գալու։ Բայց ժամանակ կա, որովհետև քննարկումները դեռ գնում են», - շեշտեց իշխանական պատգամավորը։

  • Կիսվել: